Տարոն Հովհաննիսյանի դիտարկմամբ` ադրբեջանական կողմը փետրվարի վերջից սկսած` հրադադարի ռեժիմի լուրջ խախտումներ է անում ՀՀ պետական սահմանին։ Ըստ նրա` թեև Արցախի հետ շփման գծում հարաբերական հանգիստ էր, սակայն ապրիլի 5-ին ադրբեջանցիներն այդ ուղղությամբ նույնպես սադրանքի դիմեցին, ինչն, ըստ էության, իրենց բնույթն է։
Ադրբեջանական կողմը գնդակոծել է Տավուշի Ոսկեպար գյուղը
«Ադրբեջանն առհասարակ դժվարությամբ է հարգում կամ, ավելի ստույգ, ամեն կերպ փորձում է շրջանցել ու չհարգել թե՛ գրավոր, թե՛ բանավոր պայմանավորվածությունները, այդ թվում նաև միջազգային կոչերը, հետևաբար դիմում է սահմանին իրավիճակը պարբերաբար լարված պահելու և սադրանքների գնալու ընդհանուր քաղաքականությանը»,– նշում է փորձագետը։
Հովհաննիսյանի համոզմամբ` նման գործելակերպը նաև ադրբեջանական կողմի ռազմավարության տրամաբանության շրջանակում է, և այս իրավիճակը հերթական անգամ ապացուցում է, որ ներկայումս ուղղակի հրամայական է հրադադարի խախտումներին առնչվող հետաքննության մեխանիզմների ներդրումը, ինչի մասին խոսվել է բավական երկար ժամանակ։
«Մենք վերջերս ականատես եղանք Տավուշի ուղղությամբ ադրբեջանական երկու դիվերսիոն ներթափանցման փորձի, ինչպես նաև խաղաղ բնակչության վրա կրակելու բազմաթիվ դեպքերի, մինչդեռ Բաքվում կեղծ լուրեր են տարածում, թե իբր հայկական կողմն է կրակում իրենց վրա, ավտոճանապարհների ու բնակիչների ուղղությամբ, հետևաբար իրենք էլ իբր դիմում են պատասխան գործողությունների։ Այսինքն` չեզոք և օբյեկտիվ մեխանիզմների բացակայությունը Ադրբեջանին թույլ է տալիս մանևրել այդ հարցերում և խուսափել միջազգային ուղղորդված քննադատությունից»,– նշում է փորձագետը։
Հովհաննիսյանի կարծիքով` քանի դեռ չկան հետաքննության մեխանիզմները, որոնք թույլ կտան նույն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին արձանագրել, թե կողմերից ով է առաջինը խախտել հրադադարի ռեժիմը, միևնույնն է, իրավիճակը չի շտկվի, իսկ եթե Արցախին, Ադրբեջանին ու Հայաստանին հասու լինեն նշված մեխանիզմների միջոցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տնօրինության ներքո գտնվող տեղեկությունները, ապա դրանք ոչ ոք չի կարողանա վիճարկել։
Մասնավորապես Ադրբեջանը չի կարողանա այլևս տարածել ապատեղեկատվություն և խուսափել թիրախավորված քննադատությունից, բայց քանի դեռ ներդրված չեն վերահսկման մեխանիզմները, ադրբեջանական կողմը շարունակաբար դիմելու է լոկալ բնույթի սադրիչ գործողությունների։