ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի –Sputnik. Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը և դիվանագիտական առաքելության աշխատակիցները հանդիպել են Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում մնացած ՀՀ քաղաքացիների հետ։ Տեղեկությունը հաղորդում է դեսպանատան մամուլի ծառայությունը։
Ուրբաթ` ապրիլի 3-ին, հայտնի էր դարձել, որ դեպի Երևան չվերթի չեղարկման պատճառով մի քանի տասնյակ քաղաքացի մնացել են «Դոմոդեդովո» օդանավակայանում։ Երկրորդ չարտերային չվերթին սպասելով՝ Հայաստանի մի քանի հարյուր քաղաքացի Ռուսաստանում մնացել են առանց գումարի և ապաստանի։
«Հանդիպման ժամանակ դեսպանը պատասխանել է քաղաքացիներին հետաքրքրող հարցերին», – նշված է դեսպանատան հաղորդագրության մեջ։
Հայտնում են նաև, որ Red wings ավիաընկերության Մոսկվա–Երևան չարտերային չվերթով հայրենիք է վերադառնում 220 մարդ։ Բոլոր ՀՀ քաղաքացիները, որոնք կժամանեն այս չվերթով, 14–օրյա կարանտինի կուղարկվեն։
Ռուսաստանում ևս մեկ հայ է մահացել կորոնավիրուսից. դեսպան
Նշենք, որ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը հայտնել է, որ ավելի քան 800 քաղաքացի է դիմել դեսպանատուն` հայրենիք վերադառնալու հարցում օգնություն ցուցաբերելու խնդրանքով։ Նա կարծում է, որ նրանց թիվն ավելի մեծ է։ Չարտերային չվերթի մասին հայտարարելուց հետո մի քանի ժամվա ընթացքում միայն դեսպանը շուրջ 300 զանգ է ստացել տոմս ձեռք բերելու ցանկություն ունեցող քաղաքացիներից։
Նա պարզաբանել է, որ այն բանից հետո, երբ Ռուսաստանի իշխանությունն արգելեց բոլոր թռիչքները, ՀՀ քաղաքացիները զրկվեցին նախապես ձեռք բերված տոմսից օգտվելու հնարավորությունից։ Եղել են նաև քաղաքացիներ, որոնց տոմսի գումարը չի վերադարձվել։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով Ռուսաստանը բոլոր երկրների հետ կասեցրել է ավիահաղորդակցությունը։
Փաշինյանը զանգել է Պուտինին. խոսել են կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցներից