ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի - Sputnik. Արցախում հակառակորդի կրակոցներից վիրավորված զինծառայողը` 2000թ. ծնված Արայիկ Շախպազյանը, Լոռու մարզի Վանաձոր համայնքի բնակիչ է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը։
«Արայիկը վիրավորում է ստացել կրծքավանդակի շրջանում, սակայն, բարեբախտաբար, գնդակն անցել է թոքի կողքով և տղայի կյանքին այժմ վտանգ չի սպառնում։ Նա միջանցիկ հրազենային վիրավորում է ստացել»,–ասաց քաղաքապետը։
Նրա խոսքով` զինծառայողի վիճակը կայուն է, բավարար. նրան արդեն Ստեփանակերտից Երևանի կենտրոնական զինվորական հոսպիտալ են տեղափոխել։
Արցախում զինվորին սպանելու կասկածանքով ձերբակալել են ծառայակցին
Հիշեցնենք, որ Արցախի պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին` ապրիլի 5-ին՝ ժամը 17:30-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Արայիկ Ռոբերտի Շախպազյանը: