Հոգեկան առողջության պահպանման կենտրոնի նախկին տնօրեն Նարեկ Վանեսյանը, որը մեկուսարաններից մեկում ղեկավարում է կարանտինային ռեժիմը, Facebook–ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է` ինչպես են տուն ճանապարհում Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղում 14 օր մեկուսացված մարդկանց։
«Աղավնաձորում տեղակայված մեկուսարաններից մեկում 14 օր մեկուսանալուց և COVID-19-ի թեստ հանձնելուց հետո մեր կոնտակտավոր քաղաքացիների մի մասի մոտ արձանագրվել էր բացասական պատասխան: Մեր ողջ թիմը ծափերով և ծաղիկներով ճանապարհեց մեր առողջ հայրենակիցներին դեպի տուն: Այո, կորոնավիրուսից հետո կա կյանք...Առողջ լինեք...»,– գրել է նա։
Վանեսյանը շեշտել է` բոլոր կանայք այսպես են տուն վերադառնալու Աղավնաձորի մեկուսարաններից։
10 օրում 42 նոր սպասասենյակ է կառուցվել պացիենտների համար․ նախարարը տեսանյութ է հրապարակել
Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանց թիվն արդեն հասել է 663-ի`մեկ օրում ավելանալով 92-ով։ Վարակվածներից 33-ն առողջացել են, 5-ը` մահացել, փաստացի բուժում է ստանում 625 մարդ։
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր հայտնել էր, որ վարակվածներից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են, մեկը երիտասարդ է։