ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի –Sputnik. Կորոնավիրուսով վարակվածների թիվը Հայաստանում հասավ 663-ի: Տեղեկությունը հրապարակել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հաղորդվում է, որ բուժվածները 33-ն են, փաստացի բուժվողները՝ 626-ը: 2940 թեստի պատասխան բացասական է եղել:
Հիշեցնենք՝ Հայաստանում կորոնավիրուսի առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ էր, որն Իրանից Հայաստան էր ժամանել փետրվարի 28-ին:
Ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 571 էր։ Մարտի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ կորոնավիրուսով վարակվածներից 30–ի վիճակը ծանր է։
Երկրում արդեն կորոնավիրուսից մահանալու 4 դեպք է գրանցվել:
Հայաստանում մարտի 16–ից ապրիլի 14-ը արտակարգ դրություն է հայտարարվել։
Պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ մինչև ապրիլի 12-ը գործում են արտակարգ ռեժիմի խստացման պայմաններ: Հայաստանում երեկվանից չի աշխատում հասարակական տրանսպորտը, 39 տարվա մեջ առաջին անգամ գործունեությունը դադարեցրել է Երևանի մետրոպոլիտենը: Քաղաքացիները տնից դուրս գալ կարող են միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ իրենց ձեռքին ունենալով անձը հաստատող փաստաթուղթ և հատուկ ձևաթուղթ:
Նրանք շարունակում են ժպտալ․ ովքե՞ր են կորոնավիրուսի դեմ պայքարող հայ բուժաշխատողները