ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի - Sputnik. ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը նվերներ է փոխանցել երեկ Ոսկեվանում հակառակորդի կրակոցից վիրավորված տղային ու շաբաթներ առաջ Գյումրիում բռնության ենթարկված աղջկան։ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը Facebook-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ երեխաներին են հանձնել ոչ միայն Հակոբյանի ուղարկված նվերները, այլև բարեմաղթանքների բացիկները։
«Վարչապետն ու ես ցանկանում ենք, որ ձեր կյանքում փորձությունները մնան անցյալում, առողջ եղեք»,- գրել է Աննա Հակոբյանը:
Հիշեցնենք, որ 14-ամյա տղան վնասվածք էր ստացել Ոսկեվան գյուղի իրենց տան պատշգամբում մարտի 30-ին հակառակորդի արձակած կրակոցից։ Նա Նոյեմբերյանի հիվանդանոցից Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել նույն օրը։ Իսկ 13-ամյա Նազելի Խաչատրյանն արդեն գրեթե 26 օր է՝ բուժում է ստանում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում։ Ծեծի ենթարկված աղջիկը հայտնաբերվել էր մարտի 5-ին Գյումրիում գտնվող տանը։
Նույն տանը հայտնաբերվել էր նաև նրա մոր՝ 43-ամյա Մարիամ Խաչատրյանի դին՝ բռնության հետքերով։ Հանցագործությունը կատարելու մեղադրանքով բերման է ենթարկվել 28-ամյա մի տղամարդ՝ Խաչատրյանի ընկերը։
Նազելիին սկզբում հասցրել էին Գյումրու հիվանդանոցներից մեկը, այնուհետև տեղափոխել Երևան։ Աղջիկը հինգ օր մնացել էր վերակենդանացման բաժանմունքում՝ անգիտակից վիճակում։ Նրա մոտ հայտնաբերվել էին բազմակի վնասվածքներ։ Հիմա Նազելին արդեն խոսում և շարժվում է, նրա հետ ամեն օր հոգեթերապևտ է աշխատում։