ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. ՀՀ ԱԺ դիտորդական խմբի ղեկավար Ալեն Սիմոնյանն արցախյան ընտրություններն ընդհանուր առմամբ «դրական է» գնահատում: Նա իր կարծիքը հայտնեց այսօր Արցախում կայացած ասուլիսի ժամանակ:
«Շատ կարևոր է գնահատել այն բարձր մասնակցությունը, որն ի հեճուկս տարբեր գնահատականների, Արցախի բնակչությունը ցույց տվեց: Բնական է` կային խնդիրներ, որոնց շուրջ դեռ շատ աշխատելու բան կա, բայց, այնուամենայնիվ, տվյալները, որն այսօր ունեն, արտացոլում են այն պատկերը, որ արցախցին ձևավորել է քվեարկության միջոցով»,- ասաց Սիմոնյանը:
ՀՀ ԱԺ փոխնախագահը հույս հայտնեց, որ Արցախի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կանցնի շատ ավելի կազմակերպված, ու կորոնավիրուսի պատճառով աշխարհում ստեղծված իրավիճակը ընտրական գործընթացին չի խոչընդոտի:
Պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն էլ հայտնեց, որ մի շարք տեղամասերում դիտորդական խումբը հայտնաբերել է ընթացակարգային խախտումներ, որոնք կապված են եղել հանձնաժողովների անդամների ոչ լիարժեք գիտելիքներով ու իրավական խնդիրներով:
«Մենք տեղում հանձնաժողովների անդամների հետ փորձել ենք այդ ընթացակարգային խախտումները վերացնել, և ընդհանուր առմամբ ընտրություններն անցել են շատ խաղաղ»,- ասաց Սամսոնյանը:
Արցախյան ընտրություններում միջազգային դիտորդների բացակայությունը, պատվիրակության անդամների համոզմամբ, չեն կարող կասկածի տակն դնել ընտրությունների արդյունքները:
Հիշեցնենք` Արցախի Հանրապետությունում երեկ նախագահական և խորհրդարանական ընտրություններ անցկացվեցին։ Նախագահի պաշտոնի մրցապայքարում ընտրություններին մասնակցում էին 14 թեկնածու, խորհրդարանական ընտրություններին` 12 քաղաքական ուժեր։ Այսօր հայտնի դարձավ, որ նախագահական ընտրություններին մասնակցել է ընտրողների 73.5 տոկոսը, սակայն թեկնածուներից ոչ ոք չի հաղթահարել անցողիկ շեմը, և ապրիլի 14-ին ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի։ Արցախի խորհրդարանում ներկայացված կլինի 5 քաղաքական ուժ։