ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Մոսկվայի օդանավակայաններից դեպի Երևան նախատեսված թռիչքները ներկա պահին չեղարկվել են։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ–ում ՀՀ դեսպանությունը` նշելով, որ խոսքը վերաբերում է մարտի 31-ից ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում նախատեսված թռիչքներին։
«Դեսպանատունը մշտական կապի մեջ է Ռուսաստանի համապատասխան մարմինների հետ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Դեսպանատունը վստահեցնում է, որ նոր տեղեկություններ ստանալու դեպքում կտեղեկացնի քաղաքացիներին։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանում կտրուկ նվազել է նախատեսված չվերթերի քանակը։ Երկուշաբթի Մոսկվայից 3 ինքնաթիռ է ժամանել Երևանի «Զվարթնոց» օդանավակայան։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի կառավարությունը հանձնարարել է Ռոսավիացիային մարտի 27-ից ամբողջությամբ դադարեցնել կանոնավոր և չարտերային ավիահաղորդակցությունը:
Կորոնավիրուսի տարածման պատճառով աշխարհում մի շարք երկրներ և տրանսպորտային ընկերություններ սահմանափակել են ավիահաղորդակցությունը:
Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 532-ի։
Չարենցավանը՝ փակ գոտի՞. պարետի որոշումը ժամանակից շո՞ւտ է հրապարակվել