ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. ՀՀ կառավարությունն ԱԺ-ի օրակարգից հանել է կորոնավիրուսից մահացած անձանց առանց դիահերձման հուղարկավորելու մասին՝ երեկ առաջին ընթերցմամբ քննարկված ու քվեարկված օրենքի նախագիծը: ԱԺ-ի արտահերթ նիստում տեղեկությունը հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
«Կառավարությունը որոշել է, որ երկրորդ ընթերցման օրակարգից հանի «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքը»,- ասաց նախարարը՝ առանց հստակեցնելու, թե ինչն է կառավարության նման որոշման պատճառը:
Հիշեցնենք՝ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել էր երեկ՝ մարտի 31-ին, 66 կողմ, 16 դեմ և 2 ձեռնպահ ձայներով:
Նախագծի երկրորդ ու վերջնական քվեարկությունը նախատեսված էր այսօր:
Հայաստանում ևս 2-ը մահացան կորոնավիրուսից
Ներկայացված նախագծով կառավարությունն առաջարկում էր օրենքի պահանջով պարտադիր հերձում իրականացնելու դեպքերից բացառության կարգով հանել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով մահացած անձանց: Նախագծի հեղինակների համոզմամբ, այս կերպ հնարավոր կլիներ կանխել հերձման արդյունքում վարակի հնարավոր տարածումը:
Բանն այն է, որ Հայաստանի Հանրապետությունում գործող ախտաբանաանատոմիական ծառայություններ մատուցող կազմակերպությունները չունեն կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով մահացած անձանց հերձում իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններ և չեն բավարարում դրա համար նախատեսված միջազգային պահանջներին: Միաժամանակ այդ հիվանդության վարակելիության աստիճանը դեռևս ամբողջությամբ բացահայտված չէ, ինչը կարող է հերձման արդյունքում առաջացնել վարակի տարածման անդառնալի հետևանքներ:
Բացահայտված չէ նաև դիակի մեջ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ապրելիության ժամանակահատվածը:
Թեստի պատասխանը դրական է. համաճարակաբան Արփիկ Հասրաթյանը կորոնավիրուսից է մահացել