ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik․ Երևանի Փափազյան փողոցում անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ կտրող-ծակող գործիքով ծանոթ կնոջ կրծքավանդակին հարվածած անձը ձերբակալվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քնչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
2020 թվականի մարտի 29-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ահազանգել են, որ իրենց մոտ է տեղափոխվել Երևանի բնակչուհի՝ «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած թափանցող վիրավորում՝ լյարդի վնասումով» ախտորոշմամբ:
«Քննությամբ պարզվել է, որ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձը Երևան քաղաքի բնակիչ է, որը Փափազյան փողոցում գործող խանութի մոտ անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ կտրող-ծակող գործիքով դիտավորությամբ հարվածել է իրեն ծանոթ կնոջ կրծքավանդակին՝ առողջությանը պատճառելով ծանր վնաս, այնուհետև՝ հեռացել դեպքի վայրից»,- նշված է ՔԿ տարածած հաղորդագրության մեջ:
Դաժան սպանություն Էջմիածնում․ կասկածյալը ձերբակալված է․ ՔԿ
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով:
Ենթադրյալ հանցագործությունը կատարած անձը ձերբակալվել է։ Նախաքննությունը շարունակվում է: