ԵՐԵՎԱՆ, 30 մարտի –Sputnik. Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում խստորեն դատապարտում է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին սրելու՝ Ադրբեջանի փորձերը, որոնց հետևանքով վիրավորում են ստացել Տավուշի մարզի Ոսկեվան համայնքի 15-ամյա բնակիչն ու ՀՀ ԶՈՒ երկու զինծառայող:
«Հրադադարի՝ որևէ կերպ չհրահրված այս խախտումը որևէ արդարացում չունի, հատկապես այսօր, երբ աշխարհի բոլոր երկրների բժշկական ռեսուրսները մոբիլիզացված են նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարում: Այս գործողություններով Ադրբեջանը արհամարհում է միջազգային հանրության, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ՄԱԿ գլխավոր քարտուղարի՝ այս ժամանակաշրջանում զինադադարն անվերապահ պահպանելու և սադրիչ գործողություններից ձեռնպահ մնալու կոչերը»,- ասված է հայտարարության մեջ:
ՀՀ ԱԳՆ-ն նշում է, որ այս ռազմական միջադեպը փաստում է, որ կամ ադրբեջանական կողմը չի վերահսկում սահմանին իր զինված ստորաբաժանումների գործողությունները, կամ գնում է իրադրության միտումնավոր սրելուն՝ կրելով դրա հետևանքների ողջ պատասխանատվությունը:
Հիշեցնենք, այսօր ժամը 19:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ:
Տավուշում վիրավորված երեխայի վիճակը կայուն ծանր է. նրան տեղափոխում են Երևան
ՀՀ ՊՆ-ը տարածած հայտարարության մեջ հայտնել էր, որ հայկական դիրքապահ ուժերի գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ է շպրտվել, կորուստների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են: Իսկ հայկական կողմը կորուստներ չունի, գործողությունների հետևանքով թեթև վիրավորում են ստացել երկու զինծառայող:
Դիվերսիոն գործողության ժամանակ հակառակորդը թիրախավորել էր Բաղանիս և Ոսկեվան գյուղերը, ինչի հետևանքով վիրավորում է ստացել Ոսկեվան համայնքի բնակիչ 15–ամյա մի տղա, որն այդ պահին գտնվել է պատշգամբում:
Ոսկեվանում ադրբեջանական կրակոցից վիրավորված տղայի կյանքին վտանգ չի սպառնում
Երեխան վիրահատվել էր Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում և այժմ տեղափոխվում է Երևան: Նրա վիճակը գնահտվում է կայուն ծանր, կյանքին վտանգ չի սպառնում: