ԵՐԵՎԱՆ, 29 մարտի — Sputnik. ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ–ն Կոմիտեի և Առողջապահության նախարարության հետ համատեղ որոշել է շարունակել ընկերության անձնակազմի ինքնամեկուսացումն ընկերության մասնաշենքում, որը գտնվում է «Զվարթնոց» օդանավակայանի պահպանվող տարածքում:
«Կայացրած որոշումը պայմանավորված է ՀՀ կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման՝ ՀՀ օդային տարածքում թռիչքների անվտանգության, օդային երթևեկության հոսքերի կանոնավորության և աէրոնավիգացիոն ծառայությունների շարունակականության ապահովման անհրաժեշտությամբ»,–նշված է հողարդագրության մեջ։
Քաղավիացիայի կոմիտեն հայտնում է նաև, որ հաշվի առնելով կորոնավիրուսի վարակի փոխանցման վերաբերյալ առկա ոչ հստակ տեղեկատվությունը, «Հայաէրոնավիգացիան» օպերատիվ անձնակազմի պահուստներ է կազմել։ Սա նախատեսում է լրացուցիչ մարդկային ռեսուրսների օգտագործման հնարավորություն՝ բացառելու ՀՀ օդային տարածքի օգտագործման անցանկալի սահմանափակումներ մտցնելու պահանջը:
Ընկերության միջոցներով կազմակերպված է նաև կյանքի, աշխատանքի և հանգստի համար անհրաժեշտ բավարար պայմաններ։
Կորոնավիրուսից մահացել է ֆրանսիահայ հայտնի քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանը
Հիշեցնենք, որ մարտի 15–ին հայտնի դարձավ, որ կորոնավիրուսից ինքնամեկուսացել է «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերության անձնակազմը, որը պատասխանատու է ՀՀ տարածքում և Հայաստանի երկու միջազգային օդանավակայաններում անվտանգ օդային երթևեկության կազմակերպման համար:
Այս պահի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 424–ն է։