ԵՐԵՎԱՆ, 28 մարտի –Sputnik. Նոր տիպի կորոնավիրուսի դեմ մղվող համաշխարհային պայքարի շրջանակներում տարբեր երկրներ սահմանափակել են և շարունակում են սահմանափակել իրենց օդային տարածքի մուտքը և օդային հաղորդակցությունը, ինչի արդյունքում էապես բարդացել է մեր քաղաքացիների Հայաստան վերադարձի կազմակերպումը: ՀՀ ԱԳՆ–ն մեր երկրի քաղաքացիներին կոչ է անում նախապես ստուգել տարանցիկ թռիչքների առկայությունը:
«ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները մշտական կապի մեջ են արտերկրում գտնվող և դիվանագիտական ներկայացուցչությունների հետ կապ հաստատած մեր քաղաքացիների հետ, քայլեր են ձեռնարկվում վերջիններիս կողմից բարձրաձայնվող հարցերը հնարավորության սահմաններում լուծելու ուղղությամբ»,–ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ:
ԱԳՆ–ն արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում է պահպանել կապը տեղում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների հետ, որպեսզի վերջիններս հնարավորությունների սահմաններում կարողանան ցուցաբերել համապատասխան աջակցություն։
Հայաստանի արտաքին գերատեսչությունը նաև կոչ է անում հայրենիք վերադառնալու անհնարինության պայմաններում հետևել իրենց գտնվելու երկրներում կորոնավիրուսի դեմ պայքարի համար տրվող հրահանգներին, իրականացվող միջոցառումներին, պահպանել հանգստություն՝ միևնույն ժամանակ սթափ գնահատելով իրադրությունը։
Հիշեցնենք` ՌԴ կառավարության որոշման համաձայն՝ այսուհետ ՌԴ օդանավակայաններից օտարերկրյա օդանավակայաններ և հակադարձ ուղղությամբ իրականացվող կանոնավոր և չարտերային ավիահաղորդակցության շրջանակում չեն իրականացվելու օտարերկրյա քաղաքացիների՝ օտարերկրյա պետություններ վերադարձն ապահովող չվերթները (այսպես կոչված՝ տարանցիկ թռիչքներ)։
ՌԴ–ի ընդունած նոր սահմանափակումները չեն ազդելու բեռնափոխադրումների վրա. Փաշինյան