ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Զինված ուժերում կորոնավիուրսով վարակված զինծառայողների թիվը դարձավ 5։ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ երեք զինծառայողների մոտ կորոնավիրուսի հայտնաբերմամբ պայմանավորված, մարտական խնդիրներում չընդգրկված նույն զորամասի 32 զինծառայողներից, այնուհետև ևս հինգից նախօրեին կորոնավիրուսային հիվանդության առկայության թեստավորման համար կատարվել էր նմուշառում:
«Թեստավորման արդյունքում երկու զինծառայողի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, 35 զինծառայողի թեստավորման արդյունքը բացասական է: Հաստատված դեպքերը փոխկապակցված են տվյալ զորամասում գրանցված առաջնակի դեպքի հետ: Զինծառայողները հոսպիտացված են, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Երկու զինծառայողներն էլ նախապես մեկուսացված էին»,– Facebook ցանցի իր էջում գրել է Ստեփանյանը։
Հինգ վարակված զինծառայողներից ոչ մեկը չունի թոքաբորբ, մեկի մոտ առկա է թույլ արտահայտված ջերմություն, մյուս չորս զինծառայողները բացարձակ չունեն հիվանդությանը բնորոշ ախտանիշներ։
Զինծառայողների հետ սերտ շփում ունեցածները շարունակում են մնալ մեկուսացված հատուկ առանձնացված տարածքում, որն ապահովված է կենցաղային անհրաժեշտ պայմաններով լիարժեք մեկուսացման համար։ Մեկուսացված զինծառայողներին մատուցվում է բարձրակարգ սնունդ։
ՀՀ պաշտպանության նախարարությունը, ըստ անհրաժեշտության, պարբերաբար տեղեկություններ կտրամադրի զինված ուժերում կորոնավիրուսի ներթափանցման և տարածման դեմ տարվող պայքարի և և ընթացիկ վիճակագրության մասին։
ՊՆ–ն հորդորում է հետևել միմիայն պաշտոնական տեղեկատվությանը։ Զինված ուժերում արվում է առավելագույնը վիրուսի դեմ պայքարելու համար։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ պայմանագրային զինծառայողի ընտանիքի անդամներից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էլ երեկ հայտնեց, կորոնավիրուս է ախտորոշվել նաև 3 զինծառայողի մոտ, հաստատված դեպքերը փոխկապակցված են և առնչվում են երկրում գրանցված առաջնակի դեպքերի օջախներից մեկի հետ: «Ելնելով համաճարակաբանական հետազոտությունների տվյալներից, նշված զինծառայողները նախապես եղել են մեկուսացված, ինչը զգալիորեն նվազեցրել է վարակի հետագա տարածման ռիսկերը
Հիշեցնենք՝ Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14-ն արտակարգ դրություն է հայտարարվել: Մարտի 25–ից մեկ շաբաթով արգելվել է ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժը, և նրանք տնից պետք է դուրս գան միայն խիստ անհրաժեշտության դեպքերում։ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն այսօր ժամը 10։00-ի դրությամբ հասել է 329–ի, առողջացել է 18 քաղաքացի, մահացել է մեկը։