ԵՐԵՎԱՆ, 27 մարտի – Sputnik. Հայաստանի պատմության համար աննախադեպ բան է տեղի ունեցել: Ոստիկանության բաժնի պետի և բաժանմունքի պետի պաշտոններում կանայք են նշանակվել: Facebook-ի իր էջում նման հայտարարություն է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Մասնավորեցնելով՝ ՀՀ վարչապետը գրել է, որ ոստիկանության փոխգնդապետ Մելինե Եղշատյանը նշանակվել է ոստիկանության Գուգարքի բաժնի պետ, իսկ ոստիկանության կապիտան Ժաննա Շահնազարյանը՝ ոստիկանության Ծաղկաձորի բաժանմունքի պետ:
Փաշինյանը որոշել է՝ ովքեր կղեկավարեն ԱԱԾ-ն և ոստիկանությունը
«Սա ի կատարումն մեր կառավարության որդեգրած քաղաքականության՝ կանանց ներգրավվածությունը հանրային կյանքի բոլոր ոլորտներում մեծացնելու վերաբերյալ: Հաջողություն եմ մաղթում Մելինե Եղշատյանին ու Ժաննա Շահնազարյանին»,-գրել է Փաշինյանը:
Նա նշել է, որ հեշտ չի լինելու, բայց, այնուամենայնիվ, ինքը հավատում է, որ նրանց օրինակով շատ կանայք կոգևորվեն, իսկ տղամարդիկ կդառնան ավելի պատասխանատու: