ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik. ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն ուղևորների փոխադրմանն առնչվող նոր որոշում է կայացրել, որը վերաբերում է նաև երեխաների տեղափոխմանը։
Մինչ այս պարետի մեկ այլ որոշմամբ քաղաքացիների տեղաշարժման վրա սահմանափակում էր մտցվել, ըստ որի` մեքենաների մեջ երկուսից ավել մարդ չպետք է լինի` վարորդն էլ ներառյալ։
«Թույլատրվում է թեթև մարդատար ավտոմոբիլներով (ուղևորների համար նախատեսված 8-ից ոչ ավելի նստատեղ ունեցող) մինչև մեկ մեծահասակ ուղևորի փոխադրումը։ Իսկ ինքնուրույն տեղաշարժման, տեսողության և լսողության սահմանափակումներ ունեցող անձանց փոխադրման դեպքում թույլատրվում է նաև տվյալ անձի ուղեկցողի (խնամողի) փոխադրումը»,–նշված է որոշման մեջ։
Ինչ վերաբերում է երեխաների փոխադրման դեպքերին, ապա վերջինների քանակի սահմանափակում չի նախատեսվում։
Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն այսօր ժամը 10։00-ի դրությամբ ավելացել է ևս 25–ով և դարձել 290, առողջացել է 18 քաղաքացի։
Երեկվանից մեկ շաբաթով արգելվել է ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժը, և նրանք տնից պետք է դուրս գան միայն խիստ անհրաժեշտության դեպքերում։
Երեկվա ընթացքում ճանապարհային ոստիկանության ծառայողները հանրապետությունում հայտնաբերել են 685 տրանսպորտային միջոցներ, որոնց մեջ եղել են 2-ից ավելի անձինք։ Որոշումը խախտած բոլոր անձինք իջեցվել են մեքենաներից։