ԵՐԵՎԱՆ, 24 մարտի –Sputnik. «Աերոֆլոտ» ավիաընկերությունը մինչև ապրիլի 30-ը կկրճատի դեպի Երևան իրականացվող թռիչքների հաճախականությունը։ Տեղեկությունը հայտնում է ավիաընկերության մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` «Աերոֆլոտը» ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները Ռուսաստանի քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար։
Ընկերությունը չեղարկված չվերթերի ուղևորներին հորդորում է պարբերաբար ստուգել տոմսի գնման կամ ավիաընկերության կայքում այն ամրագրելու ժամանակ նշված էլեկտրոնային փոստը, կամ դիմել ավիափոխադրողին փոփոխություններ մտցնելու համար։
Ուղևորներին, որոնք տոմսը ձեռք են բերել կասեցված ուղղություններով, նախատեսված թռիչքից առաջ հորդորում են առավելագույնս օպերատիվ դիմել ավիաընկերություն, որպեսզի դրանք առաջիկա չվերթերին վերաամրագրեն։
Ընկերությունը ժամանակավորապես դադարեցնում և կրճատում է մի շարք միջազգային ուղղություններով իրականացվող չվերթերը։
Մասնավորապես, մինչև ապրիլի 30-ը ներառյալ կրճատվում է դեպի Երևան թռիչքների հաճախականությունը։
* SU1964/1965 (**SU1864/1865) (ըստ չվացուցակի; **համարակալումը փոխվում է մարտի 29-ից)
* SU1860/1861 (ըստ չվացուցակի).
Կկրճատվեն նաև դեպի Մինսկ, Բիշքեկ, Փարիզ, Օշ, Բրյուսել, Ամստերդամ, Բեռլին, Բանկոկ, Նյու Յորք և այլ ուղղություններով իրականացվող չվերթերը։
Կորոնավիրուսի համավարակի հետ կապված Ռուսաստանը մարտի 23-ից դադարեցրել է ավիահաղորդակցությունը բոլոր երկրների հետ։ Բացառություն կարվեն Մոսկվայից այլ երկրների մայրաքաղաքներ իրականացվող թռիչքների, ինչպես նաև ռուսաստանցիներին դուրս բերելու համար իրականացվող չարտերային չվերթերի համար։
«Զվարթնոց» օդանավակայանում չվերթերի թիվն աճում է․ մարտի 23-ի չվացուցակը
Բացի այդ, մարտի 16-ից հայտնի դարձավ, որ Հայաստանն ու Ռուսաստանը երկու շաբաթով դադարեցնում են ավիահաղորդակցությունը։