ԵՐԵՎԱՆ, 23 մարտի-Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին ծննդյան օրվա առիթով։ Ինչպես տեղեկացնում է նախագահի լրատվության ծառայությունը, Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Լավրովի հետ, շնորհավորել նրան ծննդյան 70-ամյա հոբելյանի, ինչպես նաև ՌԴ Աշխատանքի հերոսի բարձր կոչմանն արժանանալու համար:
Նախագահ Սարգսյանը քաջառողջություն և հաջողություններ է մաղթել բարեկամ և դաշնակից երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին։ Նա ընդգծել է Լավրովի մեծ ներդրումը ոչ միայն հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների զարգացման գործում, այլև ծանրակշիռ դերը համաշխարհային քաղաքականության և դիվանագիտության ասպարեզում։
«Սերգեյ Լավրովի հետ Արմեն Սարգսյանին կապում են ոչ միայն ներկայիս պաշտոնական, այլև վաղեմի պրոֆեսիոնալ և բարեկամական հարաբերությունները»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ մարտի 21-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին «Աշխատանքի հերոսի» կոչում է շնորհել։ Համապատասխան հրամանը հրապարակված է Կրեմլի կայքում։
«Որովհետև Լավրովը դեմք է». Սիմոնյանը կանխագուշակել էր, թե որ նախարարները կվերանշանակվեն
Սերգեյ Լավրովը ծնվել է 1950 թվականի մարտի 21-ին մերձմոսկովյան Նոգինսկ քաղաքում։ ՌԴ արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնում է 2004 թվականի մարտի 9-ից։ Լավրովը բազմիցս ընդգրկվել է ՌԴ կառավարության ամենաարդյունավետ աշխատող նախարարների եռյակում։