ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Երեկ Էջմիածնում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2020 թվականի մարտի 22-ին` ժամը 10:45-ի սահմաններում, քաղաքացին ահազանգել էր ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժին և հայտնել, որ Էջմիածնի
«Չարենց» թաղամասի բնակարաններից մեկում հայտնաբերել է հորեղբոր դին՝ գլխի շրջանում արյան հետքերով:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է մետաղյա աթոռ, որի վրա եղել են արնանման հետքեր ու մազեր:
Պարզվել է, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը տուժողի ընկերն է, որը դիտավորությամբ, բութ առարկայով բազմաթիվ հարվածներ է հասցրել տուժողի գլխին՝ սպանելով նրան:
Հանցագործության կատարման համար կասկածվող անձը նույն օրը ձերբակալվել է:
Երևանում 30 տարեկան երիտասարդը վնասել է երակներն ու որոշել է նետվել պատշգամբից
Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է: