ԵՐԵՎԱՆ, 22 մարտի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թիվը ավելացել է ևս 4-ով։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Դեպքերի ավելի քան 75 %֊ը փոխկապակցված են Էջմիածնի և արտադրամասի հետ։ Այս պահի դրությամբ Էջմիածնի ճյուղը հաջողվել է կանգնեցնել, մեզ մնում է կասեցնել արտադրամասի ճյուղը»,- նշել է նա։
Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնել էր 190 վարակվածների մասին։
Նշենք, որ մարտի 21–ի ժամը 10։00–ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 160 էր։
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երեկ հայտնեց, որ երկրորդ առողջացած պացիենտին են դուրս գրել, ում մոտ հետազոտությունը ցույց է տվել վիրուսի բացակայություն, ինչպես նաև նրա մայրը, ում հետ նա ապրել է 21 օր նույն սենյակում և չնայած դրան, այդպես էլ չի վարակվել վիրուսով կամ վարակվել և շուտ լավացել է: «Ամեն դեպքում նրա բոլոր հետազոտությունները մինչ օրս բացասական են եղել»,-գրել էր նախարարը:
Հիշեցնենք` կորոնավիրուսի առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ էր, որն Իրանից Հայաստան էր ժամանել փետրվարի 28-ին: Նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։ Մարտի 11-ին ՀՀ–ում կորոնավիրուսի երեք նոր դեպք հայտնաբերվեց։
Վարակվածները եկել էին Իտալիայից։ Նրանցից մեկն Էջմիածնի բնակչուհի է և, ըստ լուրերի, գնացել էր Իտալիա` որդու ընտրյալի համար հարսանյաց զգեստ գնելու, այնուհետև Էջմիածնում մասնակցել էր որդու նշանադրությանը։ Դրանից հետո վարակակիրների թիվը սկսեց աճել։
Մարտի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ կորոնավիրուսի դեպք է արձանագրվել նաև Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում։
Ինչպե՞ս է հնարավոր սպանել վիրուսը. Թորոսյանը տեսանյութ է հրապարակել
Դրանից հետո հաստատված դեպքերի մեծամասնությունը կապված էր հենց այդ արտադրամասի հետ: Հայաստանում մարտի 16–ից ապրիլի 14-ը արտակարգ դրություն է հայտարարվել։
Մարտի 20-ին ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունեց մեկուսացման պահանջի խախտումը քրեականացնող օրինագիծը։