ԵՐԵՎԱՆ, 21 մարտի - Sputnik. Կորոնավիրուսով վարակվածներից 11-ի մոտ առկա է թոքաբորբ է, բայց նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում ուղիղ եթերի ժամանակ հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Թոքաբորբ ունեցողներից միայն երեքին է անհրաժեշտ ինտենսիվ բուժում, ինչն էլ արվում է»,-ասաց նա։
Նրա խոսքով՝ այսուհետ բացի «Նորք» ինֆեկցիոնից, Հայաստանի 6 հիվանդանոցներում ևս կկազմակերպվի կորոնավիրուսով վարակվածների բուժումը։ Դրանցից երկուսը մարզային հիվանդանոցներ են։
Ռուսաստան մեկնած ՀՀ քաղաքացու մոտ կորոնավիրուս է հաստատվել
Ըստ Թորոսյանի՝ այդ հիվանդանոցներում բուժում կստանան այն պացիենտները, որոնք վարակված են կորոնավիրոսով, սակայն առողջության համար վտանգավոր ախտանշաններ չունեն, իսկ հիվանդները, որոնց անհրաժեշտ է համաճարակաբանական բուժում կշարունակեն մնալ «Նորք» ինֆեկցիոնում։
Թորոսյանը շեշտեց, որ ներկայումս ավելի քան 600 մարդ մեկուսացված է, սակայն պետությունը չի կարող անսահմանափակ թվով մարդկանց իզոլացնել։ Սա նշանակում է, որ մարդիկ էլ պետք է գիտակցաբար մոտենան իրավիճակին և ինքնամեկուսացվեն։
«Այս տեսանկյունից շատ եմ կարևորում այսօր Ազգային ժողովում քննարկված օրինագիծը, ըստ որի՝ մեկուսացման պահանջները խախտելու համար տույժ և քրեական պատասխանատվություն է սահմանված»,- ընդգծեց նախարարը։
Հիշեցնենք` մարտի 20–ի, ժամը 10։00–ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 136 դեպք է արձանագրվել։
Կորոնավիրուսի առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ էր, որն Իրանից Հայաստան էր ժամանել փետրվարի 28-ին: Նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։ Մարտի 11-ին ՀՀ–ում կորոնավիրուսի երեք նոր դեպք հայտնաբերվեց։
Վարակվածները եկել էին Իտալիայից։ Նրանցից մեկն Էջմիածնի բնակչուհի է և, ըստ լուրերի, գնացել էր Իտալիա` որդու ընտրյալի համար հարսանյաց զգեստ գնելու, այնուհետև Էջմիածնում մասնակցել էր որդու նշանադրությանը։ Դրանից հետո վարակակիրների թիվը սկսեց աճել։
Կորոնավիրուսի դեմ պայքարի համար հավաքված գումարն անցել է 300 մլն դրամից
Մարտի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ կորոնավիրուսի դեպք է արձանագրվել նաև Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում։
Դրանից հետո հաստատված դեպքերի մեծամասնությունը կապված էր հենց այդ արտադրամասի հետ: Հայաստանում մարտի 16–ից ապրիլի 14-ը արտակարգ դրություն է հայտարարվել։