ԵՐԵՎԱՆ, 19 մարտի - Sputnik. Կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ասաց, որ Իրանում 3 տասնյակի չափ հայեր կան, որոնք վարակված են կորոնավիրուսով։
Կորոնավիրուսով հիվանդներին բուժելու համար Հայաստանում կլինեն առանձին հիվանդանոցներ
«Մենք մշտական կապի մեջ ենք տարբեր երկրներում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ»,–ասաց Սինանյանը։
Նրա խոսքով` տարբեր երկրներում՝ մասնավորապես` Լիբանանում, Իրանում և Ռուսաստանում կան մի շարք ՀՀ քաղաքացիներ, որոնք ուզում են հայրենիք վերադառնալ:
Սինանյանը նշեց` Ռուսաստանից, օրինակ, մեր քաղաքացիներն ուզում են ցամաքային ճանապարհով գալ Հայաստան, բայց նրանց բացատրում են, որ պետք է օդանավով գալ։ Խնդիրն այն է, որ Ռուսաստանը սահմանափակում է դրել իր տարածք մուտք ու ելքի հետ կապված, և ՀՀ քաղաքացիներն այնտեղից միայն օդանավով կարող են Հայաստան վերադառնալ։
«Նորքի» բժիշկներն աշխատում են գերծանրաբեռնված. ի՞նչը կթեթևացնի նրանց գործը
Անդրադառնալով կորոնավիրուսով պայմանավորված իրադարձությունների հետաձգմանը` Սինանյանը նշեց, որ պետք է Սիրիա և Լիբանան այցելեին Զատիկը տոնելու, սակայն չեղարկել են։
Բացի այդ, հետաձգվել են նախատեսված այցերը Ֆրանսիա, Իրան, ԱՄՆ, Ռուսաստան։ Սեպտեմբերին պետք է համահայկական վեհաժողով իրականացվեր, որի աշխատանքները նույնպես դեռ սառեցված են։
Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 122–ն է։ Կա մեկ առողջացած: