ԵՐԵՎԱՆ, 19 մարտի — Sputnik. Բրազիլիայի և Ռիո դե Ժանեյրոյի խորհրդանիշ հանդիսացող Հիսուս Քրիստոսի 38 մետրանոց արձանի վրա երեկ նաև Հայաստանի Հանրապետության դրոշն է հայտնվել։ Տեղեկությունը լուսանկարին կից հրապարակել է «Հայ–բրազիլական մշակութային տնտեսական ֆորում» նախագծի Facebook–ի էջը։
«Նախօրեին Ռիո դե Ժանեյրոյում Հիսուսի արձանը լուսավորվել է կորոնավիրուսի դեպքեր արձանագրած 166 երկրների պետական դրոշներով»,–գրված է հայտարարության մեջ:
Տեղեկացվում է, որ արձանի մոտ Ռիոյի կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոս, կարդինալ Օրանի Ժոաո Տեմպեստան աղոթել է ամբողջ աշխարհում կորոնավիրուսով հիվանդների համար:
«Մենք աղոթում ենք կրկին միմյանց գրկելու և ուրախությամբ իրար ողջունելու համար: Սա պարզապես մեր հույսն է և մեր վստահությունը»,–ասել է կարդինալը:
Միջոցառմանը ներկա են գտնվել միայն մի քանի լուսանկարիչներ և օպերատորներ, քանի որ այս տեսարժան վայրը երեքշաբթի օրվանից փակ է այցելուների համար:
Ինչպես են իրենց զգում կորոնավիրուսով հիվանդ հայաստանցիները․ մանրամասնում է նախարարը
Նշենք, որ մարտի 19–ի ժամը 14։00–ի դրությամբ Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 122 դեպք։ Մեկ մարդ արդեն բուժվել է։ Մարտի 16–ից ապրիլի 14-ը երկրում գործում է արտակարգ դրության ռեժիմ։