ԵՐԵՎԱՆ, 18 մարտի –Sputnik. Ռուսական համայնքը ներկայացնող ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը շնորհավորել է Հայրենական մեծ պատերազմի վետերան Մարգարիտա Դարբինյանի ծննդյան 100-ամյակը։
«Հայրենական մեծ պատերազմի վետերան Մարգարիտա Դարբինյանն այսօր հոբելյան է տոնում։ Նա դարձավ 100 տարեկան։ Տոնական միջոցառումները հասկանալի պատճառներով չեղարկվեցին, ստիպված եղանք սահմանափակվել տուն այցելելով և իմ ու ԱԺ–ի կողմից համեստ նվերներ մատուցելով», –Facebook–ի իր էջում գրել է Սանդիկովը։
Նա բոլոր վետերաններին քաջ առողջություն է մաղթել։
Դարբինյանը կամավոր ռազմաճակատ է գնացել 1942 թվականին, կռվել է զենիթահրթիռային գնդի կազմում: Մասնակցել է Կովկասի պաշտպանությանը, իսկ ֆաշիստական Գերմանիայի կապիտուլյացիայից հետո` Ճապոնիայի դեմ մարտական գործողություններին։
Մոտ 100–ամյա թարգմանչուհին թարգմանել է 1000–ամյա տաղերը. Նարեկացու տաղերն` արդեն ռուսերեն
Դարբինյանը պատմական գիտությունների թեկնածու է, ավարտել է Մոսկվայի մարզային մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը, որտեղ նրան դասավանդել են այնպիսի անվանի գիտնականներ, ինչպիսիք են Եվգենի Տարլեն, Ալբերտ Մանֆրեդը, Բորիս Պորշնևը։ 1959 թվականին նա աշխատանքի է անցել Մատենադարանում և մինչ օրս այնտեղ է աշխատում։
Պարգևատրվել է Հայրենական պատերազմի շքանշանով և «Կովկասի պաշտպանության համար» մեդալով։ Բազմաթիվ գիտական աշխատանքների հեղինակ է, ռուսերեն է թարգմանել միջնադարի հայ պատմիչների աշխատություններ։