Երևան, 17 մարտի - Sputnik. «Վերին Լարսի» անցակետում (ռուս-վրացական սահման) խցանվածների թվում պետք է, որ ՀՀ քաղաքացիներ չլինեն: Հակառակ դեպքում նրանք պետք է կապ հաստատեն Դոնի Ռոստովում գտնվող Հայաստանի հյուպատոսության հետ:Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը:
Ավելի վաղ վրացական Sputnik գործակալությունը՝ վկայակոչելով ԶԼՄ-ներին, հաղորդել էր, որ Վրաստանի քաղաքացիների մեքենաները խցանված են ռուս-վրացական սահմանի Վերին Լարս անցակետում:
Մարտի 16-ից Վրաստանը փակել է սահմանը Ռուսաստանի հետ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Այս որոշումը չի տարածվում այն մարդկանց վրա, որոնք վերադառնում են հայրենիք, սակայն այն քաղաքացիները, որոնք փորձում են Վրաստան վերադառնալ, եղանակային պայմանների պատճառով չեն կարողանում հատել սահմանը: Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների ՝ քաղաքացիների վիզայի ժամկետն ավարտվում է, ինչը նշանակում է, որ նրանց կարող են տուգանել:
«Վրաստանը փակում է սահմանը օտարերկրյա քաղաքացիների համար: Մենք դա արդեն հայտարարել ենք, դեսպանատունը տեղեկացված է: Հետևաբար, այնտեղ ՀՀ քաղաքացիներ չպետք է լինեն»,- ասաց Նաղդալյանը:
Սակայն նա նշեց, որ եղանակային պայմանների պատճառով փակվել է «Վերին Լարս» անցակետը: Եթե խցանման մեջ հայտնված քաղաքացիների թվում դեռ ՀՀ քաղաքացիներ կան, ԱԳՆ-ն հորդորում է տեղեկություն ստանալու համար դիմել Դոնի Ռոստովի հայկական հյուպատոսարան կամ Մոսկվայի դեսպանատուն:
Ժամանակավորապես կասեցվում է քաղաքացիների մուտքը ՌԴ դեսպանատան հյուպատոսական բաժին
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին հայտարարեց նոր կորոնավիրուսային COVID-19- ի համաճարակի մասին: Կազմակերպությունը կոչ է անում պետություններին միանալ վարակի դեմ ակտիվ պայքարին: