ԵՐԵՎԱՆ, 15 մարտի- Sputnik. Փլուզվել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ձմեռային այգի տանող արտաքին աստիճանավանդակը։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգը ստացել է առավոտյան 08:46-ին։
Դեպքի վայր մեկնած խումբը պարզել է, որ փլուզվել են թատրոնի ձմեռային այգի տանող արտաքին աստիճանավանդակը (բարձրությունը` 9 մ, լայնությունը` 1.30 մ) 1-ին և 2-րդ հարկերի աստիճանները (23 հատ) և հարթակը (1.5 քմ):
Թատրոնի աստիճանավանդակի փլուզման մասին Facebook-ի իր էջում գրառում է կատարել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։
«Միայն հրաշքով է հաջողվել խուսափել մարդկային կորուստներից, որովհետև գլխավոր մուտքերից մեկի և Գոյ թատրոնի մուտքի վրա խոյացող` տասնյակ տոննաներ կշռող երկաթբետոնե այս կառույցը մարդկային կյանքեր կխլեր, եթե միջադեպը տեղի ունենար ցերեկային ժամերին»,- գրել է նախարարը:
Նրա ունեցած տեղեկություններով՝ կառույցը ժամանակին արվել է առանց համապատասխան գրանցումների:
Արայիկ Հարությունյանը հանձնարարել է ուսումնասիրել առնչվող բոլոր փաստաթղթեր։ Նրա խոսքով՝ համապատասխան մարմինների քննությունից հետո մեղավորները պետք է պատժվեն: