ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխված 5 անձանց թեստերի պատասխանը բացասական է: Տեղեկությունը հայտնում է Վանաձորի մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։
«Հարգելի լոռեցիներ, ուրախությամբ պետք է տեղեկացնեմ, որ ողջ օրվա սպասումների արդյունքը Լոռու մասով դրական է: Ինչպես գիտեք, առավոտյան Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց էր տեղափոխվել 5 անձ, որոնցից թեստեր էին վերցվել: Քիչ առաջ ստացվել են թեստերի պատասխանները. բոլոր 5-ի թեստերի պատասխանն էլ բացասական է: Այդ թվում նաև` «Գլորիայի» իտալացի աշխատակցինը»,– Facebook–ի իր էջում գրել է նա:
Հիշեցնենք` ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն այսօր առավոտյան հայտնել էր, որ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել 5 քաղաքացի, որոնք ունեցել են որոշակի գանգատներ։ Նիկողոսյանը տեղեկացրել էր նաև, որ նրանցից վերցվել են նմուշառումներ, որպեսզի կատարվի թեստավորում:
Ավելի ուշ տեղեկություններ տարածվեցին, որ հիվանդանոց տեղափոխվածներից երեքը «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցներ են, որոնցից մեկն իտալացի է։
Շիրակում խուճապ ու կորոնավիրուսի դեպքեր չկան. Պետրոսյանը` մարզում տիրող իրավիճակի մասին
Նշենք, որ այս պահին Հայաստանում կորոնավիրուսով վարակված 13 անձ կա։ Առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ է: Նա Իրանից Հայաստան էր ժամանել փետրվարի 28-ին: Մարտի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում կորոնավիրուսի երեք նոր դեպք է բացահայտվել։ Երկուսը ՀՀ քաղաքացի են (45 և 27 տարեկան), մեկը՝ Իտալիայի (51 տարեկան)։
Մարտի 12-ի երեկոյան ՀՀ վարչապետն ու առողջապահության նախարարը հայտարարեցին ևս 2 նոր հաստատված դեպքի մասին։ Նրանցից մեկը վարակակիրներից մեկի ամուսինն է, մյուսը՝ մորաքրոջ տղան։ Նրանք տեղափոխվել են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց։ Մարտի 13–ի առավոտյան ևս 2 դեպք հաստատվեց, ուշ երեկոյան Թորոսյանը հայտնեց ևս 5 հաստատված դեպքի մասին։
Բաղրամյան 26–ում կորոնավիրուսի դեմ պայքար են սկսել. տեսանյութ