Sputnik Արմենիա, Նաիրի Հոխիկյան.
Երբևէ մտածե՞լ եք, որ նախորդ դարասկզբի ջարդերից հետո պատմական հայրենիքում կարող են հրաշքով փրկված լինել հայրենակիցներ, որոնք մեկ դար շարունակ գոյության ու ինքնության կռիվ են տալիս իրենց բնօրրանում:
Թուրքիայի Հանրապետության ճիշտ կենտրոնում գտնվող Դերսիմի գյուղերից մեկում ապրող Սուաթ Դինլերի ծնողները կոտորածից փրկվելու համար առերես ընդունել են ալևիականություն (թուրք շիականություն), զբաղվել դարբնագործությամբ: Սուաթն այսօր Դերսիմի ամենահայտնի դարբինն է։ Նրա գործերը զարդարում են տեղի լավագույն տները:
«Մենք միշտ իմացել ենք, որ հայկական արյուն ունենք, հայ ենք, հենց դրա շնորհիվ է, որ այս գյուղում հենց մեր ընտանիքն է ամենաբարեկեցիկ կյանքով ապրում, մենք ենք կարողանում ստեղծել լավագույն պայմաններ, բայց թե ինչպիսի հոգևոր կյանքով պետք է ապրի հայը, ներեցեք մեզ` չգիտենք: Շատ կուզեի իմանալ, թե դարբնագործության ինչ ավանդույթներ ունի Հայաստանը, որպեսզի ես էլ վերցնեմ այն ու այստեղ մարդկանց հպարտորեն ներկայացնեմ որպես իմը, իմ ժողովրդինը, իմ արմատինը»,-մեզ հետ զրույցում պատմում է Սուաթը։
Բոլորս ծնունդով Արևմտյան Հայաստանից ենք կամ հայտնի արգենտինահայերի մշտական պայքարը
Սուաթի տունը Մնձուր գետի ափին է։ Արևմտյան Հայաստանի կենտրոնական հատվածներով ավելի քան 160 կմ ճանապարհ անցնող այս գետը սկիզբ է առնում Մնձուրի լեռներից ու միախառնվում Արածանիին՝ հոսելով Հոզաթ, Մազկերտ և բազմաթիվ այլ բնակավայրերով։ Սուաթ Դինլերը Մնձուր գետի վրա կառուցել է ինքնաշեն ջրաէլեկտրակայան՝ գյուղին մատակարարելով էլեկտրաէներգիա: Անվճար: Հենց դրա համար Սուաթին գյուղի բնակիչներն անվանում են լուսավորիչ։ 2018-ին Սուաթ Դինլերը հրապարակավ դարձել է Գրիգոր Լուսավորիչի բերած հայ առաքելական եկեղեցու զավակ, մկրտվել քրիստոնեական ծեսով՝ ստանալով «Վարդան» անունը։
«Ես չեմ մեղադրում Արևմտյան Հայաստանում ապրող այն միլիոնավոր հայերին, որոնք մահմեդական են: Նրանք մեղավոր չեն դրա համար, բայց ես պետք է կատարեի իմ ընտրությունը: Քրիստոնյա դառնալով՝ ես ավելի մոտեցա իմ արմատներին: Հավատացեք, մենք էլ հայ ենք, բայց մենք հայերի կարիք ունենք: Մենք նման ենք մոլորված որբ երեխաների, որոնք թեև տանն են, բայց փնտրում են ծնողին ու չեն գտնում»,-արդեն քրիստոնյա հայի կարգավիճակում պատմում է Վարդան-Սուաթը:
Վարդանի վերափոխված Սուաթի օրինակին կարճ ժամանակ անց հետևել է նաև նրա մտերիմ ընկերը՝ կրկին դերսիմցի հայ Զեկի Սարըջան:
«Արևմտյան Հայաստանի դերսիմ գավառ, Դերսիմի հայերի կյանքն ու գործունեությունը»
«Որպես կտորի մասնագետ, պապս Դերսիմում ճանաչված մարդ է եղել։ Ջարդարարներից փախչելու ժամանակ պապս երեխաներից մեկին կորցնում է, սակայն մի քանի տասնամյակ անց Ստամբուլում մենք պատահաբար հանդիպում ենք այդ կորած երեխայի որդուն։ Մենք աստիճանաբար վերագտնում ենք այն, ինչ կորցրել ենք 100 տարի առաջ, և դա Աստծո նախախնամությունն է։ Մենք չենք կարող ոչնչանալ»,-ասում է Զեքի Սարըջան։
Այսպիսի ճակատագրեր պատմական հայրենիքում շատ կան: Գուցե հենց ձեր արյունակիցն էլ Դերսիմում, Մուշում, Վանում, Տիգրանակերտում կամ Էրզրումում սպասում է ճակատագրական հանդիպմանը:
Արևմտյան Հայաստանի 4 մլն հայերն այլևս ծպտյալ չեն՝ ապացուցելով, որ արյունը չի փոխում գույնը նույնիսկ 1 դար հետո: Նրանք վերագտնում են իրենց յուրաքանչյուր օր: Ազգային ինքնության ու չբացահայտված ճշմարտության վերադարձը անկասելի է, պատասխանատվությունը՝ ամեն հայի պատվի խնդիր: