ԵՐԵՎԱՆ, 13 մարտի — Sputnik. ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանն ազատվել է աշխատանքից։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին ոստիկանության մամուլի ծառայությունից։
Բիչախչյան. «Ցեխ շպրտողներին կոչ ենք անում ուժերը խնայել»
Նա տեղափոխվել է ոստիկանության կադրերի ռեզերվ: Sputnik Արմենիան փորձեց մեկնաբանություն ստանալ հենց Բիչախչյանից, սակայն նա չցանկացավ խոսել այս թեմայով։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հրամանով՝ պաշտոնից ազատվել է նաև նույն վարչության պետի տեղակալ Գայանե Զարգարյանը:
Հիշեցնենք` Մնացական Բիչախչյանը ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ էր նշանակվել 2015 թվականի հոկտեմբերի 20-ին Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով:
Հիշեցնենք` փետրվարի 25-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում հայտնել էր, որ նամակ է ստացել Մարիա Ղանաղունյանից, որը Կանադայից Հայաստան է տեղափոխվել ու մի շարք փորձությունների միջով անցել։ Վարչապետը նամակը կարդալուց հետո նախ զանգել է հեղինակին՝ շնորհակալություն հայտնել նամակը գրելու համար, այն հրապարակելու թույլտվություն է ստացել, ապա նամակը հասցեագրել է մի շարք պաշտոնյաների, այդ թվում` ոստիկանության պետի ԺՊ Արման Սարգսյանին` հետևյալ գրությամբ. «Սկսել ծառայողական քննություն Անձնագրային և վիզաների վարչության խայտառակ վատ աշխատանքի նկարագրված դեպքերի առիթով. պատժել բոլոր մեղավորներին՝ առնվազն աշխատանքից ազատման ձևով: Կապվել նամակի հեղինակի հետ, վերցնել մանրամասն բացատրություններ Անձնագրային և վիզաների վարչությունում ունեցած դժվարությունների վերաբերյալ, կատարել վատ աշխատողների ճանաչումներ և վատ աշխատողներին ազատել աշխատանքից»: