ԵՐԵՎԱՆ, 9 մարտի — Sputnik. Կորոնավիրուսով պայմանավորված սահմանադրական հանրաքվեն չի հետաձգվի։ Այսօր խորհրդարանական ուժերի ճեպազրույցների ընթացքում, լրագրողների հարցերին ի պատասխան նման համոզմունք հայտնեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:
«Հանրաքվեն կարող է հետաձգվել միայն արտակարգ ու ռազմական դրության դեպքում,– ասաց նա,– Աստված տա` կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրություն չլինի, որովհետև մինչև այս պահը գոնե նախանշանները դեպի դրականն են գնում»։
Գաբրիելյանը նաև հույս հայտնեց, որ հանրաքվեն կայանալու է, և «Այո»–ն ստանալու է անհրաժեշտ քանակով ձայներ։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ևս համոզմունք հայտնեց, որ ապրիլի 5-ին նախանշված հանրաքվեն կկայանա։
«Չկայանալու որևէ հիմք չկա։ Հանձնաժողովները ձևավորված են, տեղամասերը ձևավորված են։ Կարծում եմ, որ խնդիր չպիտի լինի»,– ասաց Մարուքյանը։
Ընդդիմադիր գործիչը նաև կարծիք հայտնեց, որ հանրաքվեի դրված փոփոխությունները կկայանան։ «Մարդիկ վստահում են իշխանությանը, հետևաբար, այստեղ ևս ես խնդիր չեմ տեսնում»,– ասաց նա։
Իսկ «Ոչ»–ի քարոզարշավ, Մարուքյանի դիտարկմամբ, ընդհանրապես գոյություն չունի։
Փաշինյանին մետրոյում տհաճ անակնկալ էր սպասում, բայց նա իրեն չկորցրեց. տեսանյութ
Փոխարենը հանրաքվեի քարոզարշավի ընթացքում որոշակի խնդիրներ է տեսնում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։
Նրա դիտարկմամբ, «Այո»–ի քարոզիչներն ընտրողներին ավելի շատ ոչ թե սահմանադրական փոփոխությունների իրենց առաջարկն են ներկայացնում, այլ հեղափոխություն են քարոզում։
«Կարծում եմ, որ մինչև հանրաքվեի օրը սահմանված ժամանակում իշխանության ներկայացուցիչները հնարավորություն կունենան կենտրոնանալ հանրաքվեի բովանդակային մասի վրա, որովհետև տեսնում ենք, որ ավելի շատ հեղափոխության քարոզարշավ է ընթանում»,-ասաց Տոնոյանը:
Կորոնավիրուսի պատճառով կարո՞ղ է հանրաքվեն չեղարկվել. պատասխանում է «Այո»-ի շտաբի խոսնակը
ԲՀԿ ներկայացուցիչի խոսքով` բովանդակային մասով լուրջ շեշտադրումներ դեռևս արված չեն, սակայն հույս հայտնեց, որ իշխանությունը կհասցնի սահմանված ժամկետում հանրությանը ներկայացնել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի բուն նպատակը։
Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխությունների համար հանրաքվեն կկայանա ապրիլի 5–ին։ Քարոզարշավը մեկնարկել է մարտի 2-ին և կտևի մինչև ապրիլի 3-ը։