ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik. Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց առողջապահական գործոնով պայմանավորված ծնելիության բարելավման ծրագրին, ըստ որի` 2020–ին կարող է 250-300 և ավելի երեխա ծնվել: Ծրագրով նախատեսվում է անվճար հետազոտություններ անցկացնել նաև դեռահասների շրջանում։
«Նախատեսվում է, որ 15 տարեկան 1000 աղջիկ կարող է անվճար ստուգվել, որպեսզի ի սկզբանե հայտնաբերեն վերարտադրողական տարիք մտնողների խնդիրները։ Բացի այդ, ամուսնության գրանցումից հետո ևս 14 000 զույգեր կարող են դարձյալ անվճար հետազոտվել, որպեսզի մինչև հղիություն պլանավորելը եղած խնդիրները հայտնաբերվեն ու բուժվեն»,–ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Կառավարությունը կխթանի ծնելիության աճը. միանվագ նպաստը կբազմապատկի, հիփոթեքին կօգնի
Նրա խոսքով` կընդլայնվեն նաև հղիության ընթացքում կատարվող հետազոտությունների ծավալները, որպեսզի վաղաժամ վիժումները նվազեցվեն։
Ծրագրի իրագործման արդյունքում, ըստ նախարարի, այս տարի մի քանի հարյուր, իսկ 2021–22–ին հազար և ավել ծնունդ կունենանք։
Հիշեցնենք, որ ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների` կենդանածինների թիվը 1990թ. համեմատ կրճատվել է 2.2 անգամ (2018թ.` 36 502 ծնունդ է գրանցվել՝ 1990թ. 79 882-ի դիմաց)։ Իսկ բնական աճի ցուցանիշը 2018–ին` 1990–ի համեմատ, նվազել է 4,7 անգամ։