ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik. Ադրբեջանական սահմանապահ զորքերի ստորաբաժանումները ՀՀ Տավուշի հատվածում այսօր կրկին դիմել են սադրիչ գործողությունների։
Տեղեկությունը Facebook–ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«Արդեն մի քանի օր է նույն ուղղությամբ ադրբեջանական սահմանապահ ստորաբաժանումները կրակում են մեծ տրամաչափի գնդացիրներից։ ՀՀ ԶՈւ-երի ստորաբաժանումները, որպես կանոն դրսևորում են զսպվածություն, սակայն թիրախային կրակոցները անպատասխան չեն մնալու»,–գրել է Հովհաննիսյանը։
Նա ընդգծել է, որ այս սադրանքների և դրանց բոլոր հետևանքների ողջ պատասխանատվությունը մնալու է Ադրբեջանական կողմի վրա։
Նշենք, որ ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, այդ հատվածում ադրբեջանական կողմից սահմանապահ է վիրավորվել, որը հետագայում հիվանդանոցում մահացել է։
Հիշեցնենք, որ մարտի 1–ի գիշերը հակառակորդը կրակ էր բացել Տավուշի Ոսկեպար գյուղի և դիրքերի ուղղությամբ։