ԵՐԵՎԱՆ, 3 մարտի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին՝ ծննդյան օրվա առթիվ:
«Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս և բարեմաղթանքներս Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ»,–գրել է Փաշինյանը:
Նա նշել է, որ ջերմությամբ է հիշում Ալմաթիում կայացած իրենց հանդիպումը, որն անցել է ավանդական երկկողմ հարաբերություններին բնորոշ բաց և փոխադարձ վստահության մթնոլորտում: «Հույս ունեմ, որ մեր կառուցողական և վստահելի երկխոսությունը կշարունակվի»,–հավելել է ՀՀ վարչապետը:
Փաշինյանն ընդգծել է, որ հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցությունը շարունակում է ամրապնդվել, ինչպես նաև զարգանալ նոր ուղղություններով: «Համոզված եմ, որ այս առումով մենք դեռ ունենք չօգտագործված ներուժ: Դա հատկապես վերաբերում է եվրասիական ինտեգրացիոն տարածքի շրջանակում համագործակցությանը»,–ասված է ուղերձում:
Հայաստանի և Ռուսաստանի մասնագետները միասին կբուժեն քաղցկեղով հիվանդ երեխաներին
Փաշինյանը ՌԴ վարչապետին մաղթել է քաջառողջություն, երջանկություն, բարգավաճում և նորանոր հաջողություններ պատասխանատու պետական գործունեության մեջ:
Հիշեցնենք, որ ՀՀ և ՌԴ վարչապետները հանդիպել են հունվարի 31-ին Ալմաթիում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի շրջանակում։