ԵՐԵՎԱՆ, 3 մարտի — Sputnik. Հայաստանում կազմակերպվելիք «Դալի և Պիկասո» ցուցադրությանն իսպանացի նկարիչ–քանդակագործների աշխատանքների բնօրինա՞կը, թե՞ կրկնօրինակները կցուցադրվեն արվեստասերներին: Հենց այս հարցով սկսվեց ցուցադրությանը նվիրված այսօրվա ասուլիսը։
Դալիի ու Պիկասոյի գործերը կներկայացվեն Հայաստանի ազգային պատկերասրահում
Խնդիրն այն է, որ Հայաստանի ազգային պատկերասրահում մարտի 7–ին բացվող ցուցադրությանը ներկայացվելու են հավաքորդ Ալեքսանդր Շադրինի հավաքածուի գործերը, ինչն էլ նման հարց է առաջացրել որոշ մարդկանց մոտ։ Շադրինին ուղղված ճշգրտող հարցը, սակայն, մի փոքր իրարանցում առաջացրեց։ Այն դուր չեկավ մասնավոր հավաքածուի տիրոջը։
«Կցուցադրվի շուրջ 260 աշխատանք` Դալիի և Պիկասոյի քանդակներից, գրաֆիկայից և խեցեղեն գործերից։ Տարօրինակ է, որ նման հարց է հնչում` բնօրինա՞կն են դրանք, թե՞ ոչ։ Ես այդ գործերը ձեռք եմ բերել աճուրդների ժամանակ` 2006–ին և 2011–ին»,–ասաց մեկենաս և հավաքորդ Ալեքսանդր Շադրինը։
Նա վստահեցրեց` Դալիի բարեկամ Բենիամին Լևինից 2006-ին գնել է Դալիի բրոնզե քանդակները, իսկ 2011–ին հայտնի հավաքորդ և Դալիի ընկեր Պիեռ Արժիլեի ընտանիքից էլ Դալիի գրաֆիկական աշխատանքներն է գնել։ Ինչ վերաբերում է Շադրինի ունեցած` Պիկասոյի գործերին` դրանք էլ 2012–ին «Քրիսթի» աճուրդային տնից է ձեռք բերել։
Բնօրինակ լինել–չլինելու` Շադրինին բարկացրած հարցին սպառիչ պատասխան տալու համար վերջինս հստակեցրեց` եթե որևէ մեկը պնդի, որ դրանք կեղծ են, կարող է ուղղակի դատական գործ բացվել։
Ռուս գործարարի խոսքով` Հայաստանում նման ցուցադրություն բացելու ծրագիր չի ունեցել և միայն ընկերների խնդրանքին ընդառաջ գնալով է որոշել այդ քայլին գնալ։ Շադրինն ասաց` հավաքածուն ներկայացրել է 11 երկրում:
Հայ ավանգարդիստի «հակասթրեսը», կամ Պիկասո չդառնալու 33 փորձ
Պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանն էլ հայտնեց` ցուցադրվելիք աշխատանքները շուրջ երկու ամիս կներկայացվեն հանրությանը` մինչև ապրիլի 26-ը, սակայն եթե հաջողվի, գուցե երկարացնեն ժամկետը։
«Այնպես չէ, որ մասնավոր ինչ–որ տեղ են Դալիի և Պիկասոյի գործերը ցուցադրվելու, որ լուրջ վերաբերված չլինենք բնօրինակ–կրկնօրինակի հարցին։ Խոսքն ազգային պատկերասրահի մասին է, ավելին, Շադրինը մեկ ամիս թույլտվություն է ստացել, որ դրանք Հայաստան բերի»,–ասաց Ծատուրյանը։
«Մոսկվայի տան» գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանն ասաց, որ ցուցադրությունն ասես կամուրջ լինի Հայաստանի և Ռուսաստանի միջև։ Նրա խոսքով` ամիսներ տևած աշխատանքներից հետո ի վերջո որոշվել է ցուցադրությունը կազմակերպել հենց երևանյան լավագույն պատկերասրահում։
Հիշեցնենք` «Դալի և Պիկասո» ցուցահանդեսը կազմակերպել են Երևանում «Մոսկվայի տուն» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը, Հայաստանի ազգային պատկերասրահն ու «Art of the Nations» հիմնադրամը` Երևանում Ռուսաստանի դեսպանատան և Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։