Ծաղկաձորի գեղատեսիլ հանգստավայրը գտնվում է Երևանից 50 կմ դեպի հյուսիս–արևելք։ Այն համարվում է ԱՊՀ լավագույն զբոսավայրերից։
Քաղաքում հատկապես աշխուժություն է տիրում ձմռան շրջանում, քանի որ այստեղ են գալիս դահուկորդներ և սնոուբորդիստներ ամբողջ աշխարհից։ Դեկտեմբերից սկսած մինչև մարտի վերջն ընկած ժամանակահատվածում այստեղ այցելող զբոսաշրջիկների թիվը հասնում է մոտ 4 հազարի։ Հատկապես մարդաշատ է լինում փետրվարը, երբ դահուկորդներ են ժամանում Ռուսաստանից, Ֆիլիպիններից և եվրոպական երկրներից։
Զբոսավայրի տարածքում երկու ամբարձիչ սարքով և 6 կայաններով ճոպանուղի է գործում։ Այն աշխատում է առավոտյան ժամը 09։30–ից մինչև 17:00–ն։ Սահքուղիները, որոնք այստեղ 6-ն են (մեկը գիշերային), հարմարեցված են ինչպես պրոֆեսիոնալների, այնպես էլ սկսնակ դահուկորդների համար։ Բարձր որակավորում ունեցող մասնագետներն այցելուներին սովորեցնում են դահուկ, բուրան և սնոուբորդ վարել։
Քաղաքի տեսարժան վայրերից մեկն էլ XI դարի Կեչառիսի եկեղեցին է։ Հյուրերը հաճախ են այստեղ այցելում, իսկ հանգստյան օրերին եկեղեցում հարսանիքներ և մկրտություններ են անցկացվում։ Ամենաշատ այցելությունների առումով երկրորդ տեղում կենտրոնական հրապարակն է։ Հենց այստեղ են անցկացվում մշակութային միջոցառումներն ու տարբեր փառատոները։
Փաշինյանն ընտանիքի հետ Ծաղկաձորում է. այնտեղ է նաև Արսեն Թորոսյանը
Միայն 2019 թվականի ընթացքում ընդամենը 1500 բնակչություն ունեցող (2011 թվականի մարդահամարի տվյալներ – խմբ.) այս քաղաքն այցելել է շուրջ 400 հազար ներքին և արտաքին զբոսաշրջիկ։ Ի դեպ, քաղաքի բնակիչների հիմնական զբաղմունքը հյուրանոցային բիզնեսն ու սպասարկման ոլորտն են։