ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. Երևանյան դեղատներում ամենաշատ հանդիպող բժշկական դիմակներն այսօր բավականին սակավաթիվ են դարձել, ինչը համացանցում մեմերի ու հումորային մեկնաբանությունների առիթ է դարձել: Քաղաքացիներից յուրաքանչյուրն առաջարկում է դիմակների սեփական այլընտրանքը, սակայն նրանցից մեկը գտել է վարակից պաշտպանվելու ամենահուսալի միջոցը:
Համացանցում հայտնված լուսանկարում երևում է, որ փողոցն հատող երիտասարդը հակագազ է կրում:
Մարտի 1-ին Հայաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի առաջին դեպքը: Վարակակիրը 29-ամյա տղամարդ է: Դեղատներում դիմակները վաճառվել են մինչև վարակի հայտնաբերումը։
Լուսանկարը համացանցում տարածվել է րոպեների ընթացքում և գրեթե բոլոր էջերում այն արժանացել է հազարավոր հավանումների, քիչ չեն նաև մեկնաբանությունները:
«Կորոնավիրուսը ինձ շատ վախեցրեց», «քո ինքնավստահությունից եմ ուզում», «դեղատներում դիմակ չի գտել, էս ա գտել որ մեզ ուրախացնի», «սաղ հեչ, բա հլը ձեռի սիգարետին նայեք»,- գրել են օգտատերերը:
Ավելորդ գնումների կարիք չկա. Հայաստանն ունի՞ պարենի բավարար պահուստներ
Հիշեցնենք՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի առավոտյան. վարակված տղամարդը Իրանից Հայաստան է ժամանել փետրվարի 28-ին: Մարտի 1-ի դրությամբ 32 մարդ մեկուսացվել են Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում։ Բոլորը կորոնավիրուսով վարակված տղամարդու հետ ինքնաթիռում շփված քաղաքացիներ են: