ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընտանիքի հետ այցելել է Ծաղկաձորի ռեստորաններից մեկը։ Փաշինյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում լուսանկար է հրապարակել, որտեղ կնոջ և երեք դուստրերի հետ նստած է ռեստորանում։
Հայաստանում այս գիշեր կորոնավիրուսով վարակման մեկ դեպք է արձանագրվել. վարակվածը 29-ամյա տղամարդ է, որն Իրանից է Հայաստան ժամանել։ Նրան մեկուսացրել են Ծաղկաձորի «Գոլդեն փալաս» հյուրանոցում։ Դրանից հետո որոշ մարդկանց մոտ մտավախություն էր առաջացել Ծաղկաձոր այցելելու առնչությամբ։
«Մտանք ծաղկաձորյան ռեստորաններից մեկը: Սրահը համարյա լեցուն է։ Այդ թվում` օտարերկրացի զբոսաշրջիկներով»,–նկարին կից գրել է Փաշինյանը։
Քիչ առաջ Ծաղկաձորից ուղիղ եթեր էր մտել նաև ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նա էլ «#ԵկԾաղկաձոր» հեշթեգով ակցիա է սկսել, և բոլորին խորհուրդ էր տալիս չխուսափել Ծաղկաձոր այցելել։ Թորոսյանի հետ Ծաղկաձորում էին նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ու Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։
Բուժհաստատությունները դիմակ և արտահագուստ ունեն. Թորոսյանը դիմում է հայ գործարարներին
Թորոսյանը հայտնեց, որ շուտով կայցելի Ծաղկաձորի «Գոլդեն փելեսում» մեկուսացված քաղաքացիներին։
Հիշեցնենք, որ Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում 32 մարդ է մեկուսացվել։ Մեկուսացվածները կորոնավիրուսով վարակված տղայի հետ շփում ունեցողներն են և նրան մոտ եղած անձինք։