ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի – Sputnik. Իտալացի լեգենդար ֆուտբոլիստ, աշխարհի չեմպիոն Ալեսանդրո Դել Պիերոն ռուսական «Առաջին ալիքով» հեռարձակվող «Երեկոյան Ուրգանտ» հաղորդման ժամանակ պատմեց իր երևանյան այցի մասին:
Դել Պիերոն, շնորհակալություն հայտնելով տաղավար եկած երկրպագուներին, ասաց, որ միշտ հետաքրքիր է հայտնվել մի երկրում, որը տարբերվում է քոնինից։
Ուրգանտը ֆուտբոլիստին հարցրեց` իսկապե՞ս դժվարություններ են առաջացել կորոնավիրուսի հետ կապված կարանտինի պատճառով, քանի որ նրա ուղևորությունը մի ամբողջ դետեկտիվի է վերածվել։
Ֆուտբոլիստն էլ պատմեց, որ իրեն Ռուսաստանի վիզա է պետք եղել, որը պետք է ստանար Միլանում գտնվող Ռուսաստանի դեսպանատանը, բայց քանի որ Միլանում կորոնավիրուսի դեպքեր են գրանցվել, որոշվել է մուտքի արտոնագիրը ստանալ Երևանում։
«Եվ ես հիանալի ճանապարհորդություն կատարեցի այդ վիզան ստանալու համար: Մեկնեցի Հայաստան», - ասաց Դել Պիերոն։
Տաղավարում հիացական բացականչություններ ու ծափահարություններ հնչեցին։
Դել Պիերոն շեշտեց, որ Հայաստանում իրեն շատ լավ են ընդունել, բոլորը շատ սիրալիր են եղել ։
«Այո, նրանք կարողանում են։ Տարօրինակ է, որ դուք ընդհանրապես եկել եք մեզ մոտ, կարող էիք մնալ Հայաստանում»,– կատակեց Ուրգանտը։
Դել Պիերոյի և Ուրգանտի զրույցի ընթացքում հանդիսատեսին զվարճացրեց ևս մի «հայկական» ռեպլիկ։ Հաղորդավարը նրան լուսանկար ցույց տվեց ՝ հումորային հարցեր տալով, իսկ ֆուտբոլիստն այդ ընթացքում իր համաձայնությունը հայտնեց` «ըհը» ասելով։
«Ինձ թվում է` այդ արտահայտությունը դուք Երևանից եք բերել», - կրկին կատակեց Ուրգանտը։
Հիշեցնենք` Ալեսանդրո Դել Պիերոն օրերս Հայաստան էր եկել։ Նրա` Երևան գալու լուրը տարածվել էր, երբ ֆուտբոլիստը Instagram-ի իր էջի «սթորի» բաժնում տեսանյութ էր հրապարակել ու կից գրել. «Բարի լույս, Երևան»:
Մարզական մեկնաբան Նոբել Առուստամյանը նրա այցից հետո Sputnik Արմենիային հայտնել էր, որ Դել Պիերոն շատ է գնահատել Արարատ լեռը։
Ես հարուստ հրեա էի, իսկ նա` աղքատ հայ․ Ուրգանտի հյուրերը Մարտիրոսյան ամուսիններն են
Նշենք, որ Ալեսանդրո դել Պիերոն Իտալիայի հավաքականի կազմում 2006 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն: Իտալիայի հավաքականի կազմում նա հանդես է եկել 1995-2008 թվականներին: Դել Պիերոն Իտալիայի հավաքականի բոլոր ժամանակների երրորդ ռմբարկուն է՝ 335 գոլով: Նա 19 տարի խաղացել է «Յուվենտուսում», 11 տարի եղել է թիմի ավագը և սահմանել է ռեկորդ՝ 705 խաղում խփելով 290 գոլ։
«Եթե ղեկավարում ես 100 հայի, քեզ համար այլևս ոչինչ սարսափելի չէ». Գերգիևը` Ուրգանտի մոտ