ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի — Sputnik. Քաղաքակրթությունը չի կարող զարգանալ ֆաշիզմի, ազգային խտրականության և այլատյացության ճանապարհով։ Նման բովանդակությամբ ուղերձ է հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը` անդրադառնալով ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օրվան։
«Սումգայիթում, իսկ հետագայում Բաքվում, Կիրովաբադում և Մարաղայում հայերի նկատմամբ իրականացված բռնություններն ու դաժանություններն իրենց բնույթով հիշեցրին 1915թ. Հայոց ցեղասպանության մղձավանջային օրերը: Պետական մակարդակով կազմակերպված և իրականացված հանցագործության արդյունքում սպանվեցին բազմաթիվ հայազգի բնակիչներ, շատերն էլ վիրավորվեցին, բռնությունների ենթարկվեցին ու բռնի տեղահանվեցին»,–ասել է նախագահն իր ուղերձում։
Նրա խոսքով` դրանք հետևանք էին տասնամյակներով Ադրբեջանում խրախուսվող այլատյացության ու հատկապես հայատյացության, որոնք այսօր ավելի են խորացել և ստացել պետական համակարգված քաղաքականության բնույթ։
Ալավերդյան. «Պետք է ստեղծել հատուկ խումբ, որը Սումգայիթի գործը կհասցնի միջազգային դատարան»
Ըստ Սարգսյանի` յուրաքանչյուր չպատժված դեպք, յուրաքանչյուր կեղծվող փաստ, ատելության հողի վրա ընդհատված յուրաքանչյուր կյանք նշանակում է նոր ողբերգության հնարավորություն և հավանականություն։ Դա նշանակում է աջակցություն այլատյացություն հրահրողներին, քարոզողներին և այն որպես զենք օգտագործողներին, նշանակում է ատելության չընդհատվող ալիք տարածաշրջանում, անխոչընդոտ ճանապարհ դեպի էթնիկ զտումներ, դեպի մարդկության դեմ ուղղված ավելի ծանր հանցագործություն՝ ցեղասպանություն:
«Սումգայիթի ողբերգությունը և դրանից տուժած հայերը մարդատյացության և հայատյացության ուղղակի զոհն էին: «Դարչնագույն ժանտախտի» ճանապարհն այսօր էլ բաց պահելը անարգանք է բոլոր ժամանակներում ֆաշիզմին և այլատյացությանը զոհ գնացած բոլոր մարդկանց հիշատակի հանդեպ»,–ասել է նախագահը:
Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանում՝ Սումգայիթ քաղաքում կատարված ողբերգական դեպքերի 32-րդ տարելիցն է: