ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի — Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գոլի հեղինակ դարձավ Ա Սերիայի 25-րդ տուրի «Ռոմա»- «Լեչե» հանդիպման ընթացքում:
Նախ, հանդիպման 13-րդ րոպեին Մխիթարյանն իր ակտիվում գոլային փոխանցում գրանցեց։ Առաջին գոլի ժամանակ նա խլեց գնդակը մրցակցից ու, շարժվելով առաջ, նկատեց Չենգիզ Յուդերին և դարձավ գոլային փոխանցման հեղինակ։
Խաղի 37-րդ րոպեին արդեն Ջեկոյի փոխանցումից հետո ձախ եզրում ստանալով գնդակը` Մխիթարյանը դարպասապահի ոտքերի արանքով այն ուղարկեց առաջ՝ հաշիվը դարձնելով 2:0:
Եվս երկու գոլ հռոմեացիները խփեցին երկրորդ խաղակեսում: 69-րդ րոպեին հյուրերի դարպասը գրավեց Էդին Ջեկոն, ապա 80-րդ րոպեին խաղի վերջանահաշիվը ձևակերպեց Ալեքսանդր Կոլարովը:
Այս հաղթանակի շնորհիվ «Ռոման» իր միավորների թիվը հասցրեց 42-ի ու շարունակում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը զբաղեցնել: «Լեչեն» 25 միավորով 16-րդ տեղում է:
Նշենք, որ այս խաղաշրջանում Մխիթարյանը խփել է չորս գոլ, իսկ «Ռոմայի» լավագույն ռմբարկու Էդին Ջեկոն՝ տասը։ Բայց Ջեկոն խաղացել է 1 952 րոպե, ուստի նա միջինում խփել է մեկ գոլ 195 րոպեում։ Իսկ Մխիթարյանը դաշտ է դուրս եկել ավելի քիչ (541 րոպե դաշտում) և ավելի հաճախ գոլ խփել՝ 162 րոպեն մեկ։
🔥 @HenrikhMkh x @cengizunder 🔥
— AS Roma English (@ASRomaEN) February 23, 2020
#ASRoma #RomaLecce pic.twitter.com/WmrbExgyHP