ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի — Sputnik. Նորանկախ Հայաստանի առաջին օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանն արժանացել է պետական պարգևի։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի, աշխարհի և օլիմպիական խաղերի չեմպիոն Արմեն Նազարյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրելու մասին:
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում ունեցած մեծ վաստակի համար հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի, աշխարհի և օլիմպիական խաղերի չեմպիոն Արմեն Լյուդվիգի Նազարյանին պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:
1996 թվականի Ատլանտային օլիմպիական խաղերում Արմեն Նազարյանը, ներկայացնելով Հայաստանը, դարձավ չեմպիոն։ Հետո նա դարձավ Բուլղարիայի քաղաքացի և 2000 թվականին ոսկե մեդալ նվաճեց Բուլղարիայի ընտրանու կազմում: 2012 թվականից Նազարյանը Բուլղարիայի հավաքականի գլխավոր մարզիչն է: