ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Իրանի իշխանությունները հաստատել են երկրում կորոնավիրուսի վարակի երկու դեպքի մասին տեղեկությունը, Twitter–ում հայտնել է Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության ներկայացուցիչ Ալի Ռաբիին։
Նշվում է, որ երկու դեպքերն էլ գրանցվել են Ղոմում` Իրանի սրբազան քաղաքներից մեկում։ Ղոմը շիաների ուխտագնացության վայրն է, այդ թվում` արտասահմանից ժամանող։ Իրանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ մարդիկ, որոնց նախնական անալիզների արդյունքները կորոնավիրուս են ցույց տվել, կմեկուսացվեն։
Բացի այդ, Թեհրանը որոշում է ընդունել դադարեցնել Չինաստանի հետ ավիահաղորդակցությունը, ինչպես նաև կարանտին հաստատել ՉԺՀ–ից Իրան ժամանող անձանց համար։
Կարանտինում գտնվող հայուհուն դուրս են գրել Նուր–Սուլթանի հիվանդանոցից
Չինաստանում 19.02.2020-ի դրությամբ COVID-2019 կորոնավիրուսից արդեն մահացել է 2004 մարդ։ Ավելի քան 14.300 հիվանդ արդեն բուժվել և դուրս է գրվել հիվանդանոցներից, 12.000 մարդ գտնվում է ծանր վիճակում։ Չինաստանում ընդհանուր առմամբ 74.100 վարակված կա։