Ադրբեջանական կողմը բավական ակտիվ աշխատում է, որպեսզի Արցախի, այսպես կոչված, ադրբեջանական համայնքը հետզհետե դառնա գործոն և սկսի մասնակցել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն ուղղված բանակցություններին, մինչդեռ պաշտոնական Երևանը դրան չի ընդդիմանում։ Sputnik Արմենիայի եթերում իր այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանը։
«Ադրբեջանը փաստացի գնում է երկրորդ քայլին` ցանկանալով խաղարկել նաև իբր Ղարաբաղից ընտրված պատգամավորի հանգամանքը։ Ու երբ Անջեյ Կասպրչիկը հանդիպում է նրա հետ, դա ևս մի տագնապ է այն մասին, որ փաստացի բանակցային գործընթացում իրավիճակ է փոխվում»,– մտահոգված ասաց քաղաքագետը։
Անդրադառնալով Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին` Մելիք–Շահնազարյանը նշեց, որ նախագահ Բակո Սահակյանին հաջողվել է ընտրություններից առաջ ստեղծել մրցակցային բաց դաշտ, որտեղ հիմնական թեկնածուներն են ԼՂՀ նախկին վարչապետ Արայիկ Հարությունը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը, հակադիր դաշտից` Վիտալի Բալասանյանը։
Քաղաքագետի կարծիքով` Արայիկ Հարությունյանին Հայաստանից աջակցում է Նիկոլ Փաշինյանը, Մասիս Մայիլյանին` Հայաստանի սորոսական ճյուղը` ի դեմս ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի։ Մայիլյանին աջակցում է նաև Սամվել Բաբայանը, այսինքն` վերջինս ընտրել է մի թեկնածուի, որի վրա, ըստ քաղաքագետի, հետո կարող է ազդել։
Նշենք, որ Արցախի Հանրապետության նախագահի և խորհրդարանական ընտրությունները կկայանան 2020 թվականի մարտի 31-ին։
Ինչ շրջադարձեր կբերի Արցախի ընտրություններին Մայիլյան–Բաբայան տանդեմը. ո՞րն է Երևանի դերը