Հայաստանյան բանկերի վրա տեխնոլոգիական հարձակումների թիվն աճել է, սակայն բանկերը սովորաբար այդ մասին չեն բարձրաձայնում։ Օպերատիվ տեղեկատվության համաձայն` համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ բանկի համակարգչային համակարգում ներբեռնված վնասաբեր ծրագրի գործարկման միջոցով հնարավոր է բանկոմատներից ապօրինի գումարներ ելքագրել։
Ինչպես և ովքեր են փորձել Երևանում բանկոմատներ թալանել. մանրամասներ
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ հիմնական տեխնոլոգիան կիրառվում է հետևյալ կերպ. վարակվում է թիրախավորված բանկի ներքին համակարգը։ Բանկի աշխատակիցներից մեկին են ուղարկում կեղծ ֆայլով հաղորդագրություն, կամ էլ ներսում կա աշխատող, որը վիրուսը ներմուծում է ներքին համակարգ։ Դրանից հետո վարակվում է այն հատվածը, որը կառավարում է բանկոմատները։
«Սխեման աշխատում է այսպես. գործի մեջ են մտնում այսպես կոչված «ջորիները»։ Մարդիկ, որոնք հատուկ նշված ժամին մոտենում են բանկոմատներին, կատարում որոշակի գործողություններ, որոնց արդյունքում բանկոմատները դուրս են հանում գումարը։ Սա թերևս հիմնական սխեման է»,– նշում է տեղեկատվական անվտանգության փորձագետը։
Մարտիրոսյանի տեղեկացմամբ` Հայաստանում նման դեպքեր նախկինում ևս գրանցվել են։ Բանկերը սովորաբար չեն բարձրաձայնում նման հարձակումների մասին, սակայն լրատվության համաձայն` տարիներ առաջ ԱԱԾ–ն հետախուզում էր հայտարարել մի քանի օտարերկրացիների նկատմամբ, որոնք հենց վերոհիշյալ «ջորիներից» էին։ Բանկը վարակվել էր, և նրանք մեծ գումար էին հափշտակել բանկոմատներից։
Հանցագործները չեն կարող օգտագործել բանկոմատից գողացած թղթադրամները. բանկի հայտարարությունը
Փորձագետի համոզմամբ`նման երևույթներից պաշտպանվելն առաջին հերթին բանկերի անվտանգության համակարգի խնդիրն է։ Ըստ նրա` բանկերն, անշուշտ, ունեն տեխնոլոգիաների անվտանգության մասնագետներ, նրանք ՀՀ Կենտրոնական բանկի պահանջով հետևում են միջազգային ստանդարտներին և նման խնդիրները լուծելու համար հնարավորություններ ունեն։
Հիշեցնենք` բանկոմատների վրա հարձակման վերջին դեպքը գրանցվել էր 2018թ.–ի օգոստոսին։ ՀՀ քննչական կոմիտեի տեղեկացմամբ` մի խումբ անձինք բանկից հափշտակել էին առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 34.800.000 ՀՀ դրամ գումար: