ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի — Sputnik. Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հայտնում են` Աբովյան» քրեակատարողական հիմնարկում մշտադիտարկում են իրականացրել ու մի շարք խախտումներ հայտնաբերել։
«ՔԿՀ–ում բացակայել են հղի կամ իրենց մոտ մինչև երեք տարեկան երեխա ունեցող կալանավորված անձանց և դատապարտյալների համար նախատեսված խցերը կամ կացարանները, ինչպես նաև վերջիններիս համար հարմարեցված սանհանգույցները և լոգարանները։ Բացի դրանից, չեն պահպանվում ազատությունից զրկված անձանց տրամադրվող սննդի քանակական և որակական չափանիշները, ինչպես նաև սննդի բազմազանությունը»,– նշված է ՄԻՊ–ի հաղորդագրության մեջ։
ՔԿՀ–ում բացակայել է գինեկոլոգիական բնույթի բժշկական օգնության համար նախատեսված դեղամիջոցների և հետազոտությունների համար անհրաժեշտ պարագաներն ու գործիքները, ատամնաբուժական օգնության կազմակերպման համար անհրաժեշտ նյութերը և պարագաները։ Ավելին, հայտնաբերվել են ժամկետանց դեղեր։
Ինչ վերաբերում է անչափահասներին, ապա միայնակ պահվող ազատությունից զրկված անչափահասները զրկված են բավարար մարդկային շփման հնարավորությունից։ ՄԻՊ–ը ֆիքսել է նաև, որ անբավարար են քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների աշխատանքային պայմանները։
Մարդու իրավունքների պաշտպանը, սակայն, նաև դրական փոփոխություններն է նկատել, մասնավորապես, կանանց տեղամասի դահլիճը կահավորել է մի շարք նոր մարզասարքերով և մարզական գույքով, կազմակերպել են յոգայի, վարսահարդարման, խոհարարության (խոհանոցը կահավորվել է նոր տեխնիկայով), գորգագործության, թաղիքագործության, անգլերեն լեզվի դասընթացներ։
Արտակարգ դեպք «Գորիս» ՔԿՀ–ում. դատապարտյալը փորձել է կյանքին վերջ տալ
Բացի այդ, 2019 թվականի սեպտեմբերից ազատությունից զրկված անչափահասները ստացել են միջնակարգ կրթություն ստանալու հնարավորություն. քրեակատարողական հիմնարկում գործում են 8-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ դասարաններ:
ՄԻՊ–ն այցի արդյունքում կազմված փաստաթուղթն ու խնդիրների լուծմանն ուղղված առաջարկները ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարություն և Քրեակատարողական ծառայություն: