ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի — Sputnik. Փետրվարի 17-ի առավոտյան ժամը 09:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Ինչպես հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, արդեն մի քանի օր փակ են ու դեռ անորոշ ժամանակով փակ կլինեն Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Փակ է նաև Ջերմուկ քաղաք տանող խաչմերուկից դեպի Գորայք ավտոճանապարհը։ Այս հատվածում ներկա պահին բուք է։ Ջերմուկ քաղաք տանող խաչմերուկում կուտակված են 15 բեռնատար և 25 մարդատար ավտոմեքենաներ, ևս 40 տրանսպորտային միջոց` հավաքված է Գորայքի կողմից։
Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը՝ դժվարանցանելի: Այստեղ տեղ-տեղ մերկասառույց է:
Դժվարանցանելի են Աշոցքի և Ամասիայի միջհամայնքային ավտոճանապարհները:
Արարատի մարզի Արարատ քաղաքում և Տիգրանաշենի ոլորաններում, Սյունիքի մարզում (բացի Մեղրի քաղաքից), Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում ձյուն է տեղում:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Թայվանցի փոքրիկներն Արամ Խաչատրյան են նվագում. տեսանյութ
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված շուրջ 1000 բեռնատար ավտոմեքենա:
Պատկան կառույցները վարորդներին խորհուրդ են տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։