ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի Բելառուս կատարած այցը գրեթե աննկատ անցավ հայկական լրատվամիջոցների համար։ Առաջին հայացքից` ոչ մի արտառոց բան։ Երկու երկիրն էլ ռազմաքաղաքական բլոկի անդամներ են, ու զարմանալի կլիներ, եթե նման այցեր չլինեին։
Սակայն, հաշվի առնելով երկու երկրների հարաբերությունների պատմությունն ու Ադրբեջանի գործոնը, հաղորդագրություններն այն մասին, որ Տոնոյանն ու նրա բելառուս գործընկեր Խրենինը ռազմատեխնիկական համագործակցության հարցեր են քննարկել, այցին առեղծվածային երանգ են հաղորդում։
Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին Միսկը դարձել է Բաքվի երկրորդ (Իսրայելից հետո) ռազմատեխնիկական գործընկերը։ Այդ գործընկերության գագաթնակետը Բաքվի կողմից բելառուսական «Պոլոնեզ» հրթիռային համակարգերի գնումն էր։ Հայաստանում միշտ էմոցիոնալ են արձագանքում նման համագործակցությանը։
Ռազմական փորձագետ, Armenian Research & Development Institute (ARDI) պաշտպանական հետազոտությունների դեպարտամենտի ղեկավար Լեոնիդ Ներսիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց` այդ ֆոնին չի կարելի բացառել, որ հայկական կողմն էլ կարող է որոշ հետաքրքրություն ցուցաբերել բելառուսական ռազմական տեխնիկայի նկատմամբ։
ArmHiTec-2020 սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների ցուցահանդեսը կանցկացվի Երևանում
«Բելառուսը բավականին զարգացած ռազմաարդյունաբերական համալիր ունի, ու ՀԱՊԿ–ի անդամ լինելը Հայաստանին թույլ է տալիս արտոնյալ պայմաններով ձեռք բերել որոշ բաղադրիչներ, որոնք կիրառվում են հայկական ԶՈւ–ի զինապաշարն արդիականացնելու համար», – ասաց նա։
Հայկական բանակը Բելառուսից որոշ քանակությամբ ջերմատեսիլ սարքեր է գնել։ Որպեսզի դրանք մշտապես պատրաստ լինեն օգտագործման, երկու երկրները պետք է շարունակեն համագործակցությունը։
Եթե խոսենք սպառազինության մասին, ապա Մինսկն այստեղ էլ Հայաստանին առաջարկելու բան ունի։ Մասնավորապես` «Օսա» զենիթահրթիռային համալիրների արդիականացված տարբերակները։
«Բելառուսն այսօր ունի «Օսա» համալիրների ամենազարգացած ու ամենակատարելագործված փաթեթը։ Մինսկը հայկական կողմին առաջարկելու բան ունի։ Ադրբեջանի հետ համագործակցությունը ոչ մի կերպ չի կարող խոչընդոտել դրան։ Բելառուսը նման հարցերում միշտ աչքի է ընկել իր պրագմատիզմով», – նշեց Ներսիսյանը։
Նույն Ադրբեջանն իր «Օսա» համալիրները Բելառուսում է արդիականացնում։
Հայաստանը կրճատում է սպառազինության՝ Ադրբեջանի հետ ունեցած տարբերությունը. Հարությունով
Ինչ վերաբերում է «Պոլոնեզներին»` մեր զրուցակցի կարծիքով, քիչ հավանական է, որ Հայաստանը գնի դրանք։ Հայկական բանակն ունի «Իսկանդերներ», «Սմերչ» ՀԿՌՀ։ Սա լրիվ բավարար է ռազմական խնդիրները լուծելու համար, «Պոլոնեզներ» գնելն իմաստ չունի։