ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի — Sputnik. ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի, ինչպես նաև Պաշտպանության և Անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովներն աշխատանքային փակ քննարկում կանցկացնեն ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի մասնակցությամբ։ Տեղեկությունը Facebook սոցիալական ցանցի իր էջում հայտնել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։
Արցախում կրկին զինծառայող է մահացել
«Արտակ Դավթյանի հետ փակ քննարկումը տեղի կունենա փետրվարի 18-ին, ժամը 11։00-ին։ Թեման արդեն գիտեք»,–գրել է նա։
ԲՀԿ–ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ երեքշաբթի օրը նախատեսված փակ նիստում լսելու են Արտակ Դավթյանին և մի քանի այլ պատասխանատուների:
Պատգամավորի խոսքով` խաղաղ պայմաններում զինվորների մահվան դեպքերն այլևս անվտանգային լուրջ մարտահրավեր են, ու հերթապահ նախադասություններով, թե զինված ուժերում կարգապահական կանոնագրքին ավելի խիստ հետևելու անհրաժեշտություն կա` խնդիրը չի լուծվելու։
«Բա ինչի՞ համար են հրամանատարները, որ չեն կարողանում կանխել 19-20 տարեկան, ըստ էության, երեխաների էմոցիոնալ շոկերը ու մենք ունենում ենք զոհ: Զոհեր: Արդեն, ցավոք, դաժանորեն շատ։ Եվս մի անհամեստ հարց` այդ ո՞նց է լինում, որ զորամասի բարոյահոգեբանական վիճակի համար պատասխանատու որևէ բարձրաստիճան զինվորական պատասխանատվության աթոռին չէ»,–գրել է Զոհրաբյանը` հավելելով, որ եթե չենք խնայում մեր սպայի ու զինվորի կյանքը` պարտված ենք բոլորս:
Մահացած 23-ամյա սպան ծրագրավորող էր, երկու կարմիր դիպլոմ ուներ. մանրամասներ
Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին, ժամը 19:00-19։30–ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում ճակատի շրջանում մահացու հրազենային վիրավորում էր ստացել 1997թ. ծնված Հայկ Ասրյանը: Քննչական կոմիտեն հայտնել էր` զինվորի մահվան դեպքով քրեական օրենսգրքի 110–րդ հոդվածի` ինքնասպանության հասցնելու հատկանիշներով քրգործ է հարուցվել։
Զինծառայողների մահվան երկու դեպք էր գրանցվել ընդամենը 3 օր առաջ` փետրվարի 12-ին, իսկ տարվա սկզբից սա արդեն 13–րդ դեպքն է ՀՀ զինված ուժերում։