ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանեց ադրբեջանական մամուլում տարածված լուրերը և վստահեցրեց, որ հայկական կողմն ադրբեջանական զինված ուժերի ուղղությամբ կրակոցներ չի արձակել։
Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ Ադրբեջանի ԶՈՒ–ն հայկական կողմի կրակոցների հետևանքով մեկ զոհ ունի։
«Տարածված լուրերն ապատեղեկատվություն են»,–ասաց Հովհաննիսյանը։
Հարցին, թե ինչպիսի՞ իրավիճակ է առաջնագծում, ՊՆ մամուլի խոսնակը պատասխանեց` համեմատաբար խաղաղ է։
Հիշեցնենք, որ հունվարի 11–ին, ժամը 12։25–ի սահմանում Բերքաբերում հակառակորդի դիպուկահարից վիրավորվել էր Հայաստանի զինված ուժերի զինծառայող, շարքային Արթուր Սլավիկի Արզումանյանը։ Իսկ հունվարի 15-ին, ժամը 16։30-ի սահմանում ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում հակառակորդի ՍՎԴ տեսակի դիպուկահար հրազենից արձակված կրակոցից հրազենային բեկորային վիրավորում էր ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Արթուր Մեժլումյանը: