ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի — Sputnik, Արամ Գարեգինյան. Սիրիայի Ժողովրդական խորհրդի պատգամավոր Նորա Արիսյանը, Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանելով երկրի խորհրդարանի` Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման մասին բանաձևը, վստահեցրեց, որ Սիրիան ու սիրիացիները չեն մոռանա Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը։
Սիրիայի խորհրդարանը փետրվարի 13-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև ընդունեց: «Սիրիայի Արաբական Հանրապետության ժողովրդական խորհուրդը միաձայն հաստատում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին որոշումը», – գրված էր Սիրիայում ՀՀ դեսպանատան հաղորդագրության մեջ։
Բանաձևի հեղինակն Արիսյանն էր, սակայն նա տեքստը կազմել է այն բոլոր գործընկերների հետ, որոնք ընդգրկված են Հայաստանի հետ բարեկամական խմբի կազմում։ Նրանք բազմամշակութային Սիրիայում ապրող տարբեր ժողովուրդների և կրոնների ներկայացուցիչներ են։
Ինչո՞ւ այդ կղզի-պետությունը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Բարեկամական խումբն արտահերթ նիստ է անցկացրել հունվարի 20-ին։ Հետո բանաձևի նախագիծն ուղարկվել է խորհրդարանի լիագումար նիստի օրակարգում ներառվելու և ներկայացվել խորհրդարանի նախագահ Համուդա Սաբաղին։ Նշենք, որ Սաբաղը ներկայացնում է Սիրիայի քրիստոնեական համայնքը, սակայն բանաձևը սատարել են նաև մյուս բոլոր պատգամավորները` արաբ մուսուլմանները, արաբ քրիստոնյաները, ալավիտները, քրդերը, ասորիներն ու հայերը։
Փետրվարի 13-ի առավոտյան սկսված քննարկմանը հերթով ելույթ ունեցել են 32 պատգամավոր, այդ թվում երկու հայ` Նորա Արիսյանն ու Ժիրայր Ռեիսյանը։
«Իրենց ելույթներում պատգամավորները զորակցություն հայտնեցին հայ ժողովրդին։ Խորհրդարանի նախագահը ևս շատ լավ ելույթ ունեցավ», - ասաց տիկին Արիսյանը։
Քվեարկությունն ավարտվել է ծափերով, որից հետո բարձրաձայն ընթերցվել է բանաձևը։
Արիսյանն ընդգծեց, որ բանաձևը հարգանքի տուրք է ոչ միայն հայերին, այլև ասորիներին և մյուս ազգերին, որոնք ջարդերի են ենթարկվել Օսմանյան կայսրությունում, այդ թվում` Սիրիայի տարածքում։
«Խորհրդարանում նաև ասորի պատգամավորներ կան, նրանք ևս ողջունեցին, որ մենք պատմական այդ իրողությունը նկատի ենք առել և հիշատակել ենք նաև ասորիների ջարդերը, – ընդգծեց պատգամավորը։
Արմեն Սարգսյանը Իսրայելի Քնեսեթում բարձրացրել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը
Խորհրդարանում անցած քննարկումները ցույց են տվել, որ Սիրիայում ոչ միայն անցյալն են շատ լավ հիշում, այլև հասկանում են, թե ինչի է հանգեցրել ագրեսորների անպատժելիությունը։ Չեն մոռանում, որ 1939 թվականին համաշխարհային գերտերությունների թողտվությամբ քեմալական Թուրքիային ապօրինաբար հանձնվեց սիրիական տարածքի մի մասը` Ալեքսանդրետտայի շրջանը։ Այս հանցագործությունների անպատժելիությունը հանգեցրեց դրանց կրկնության. Թուրքիայի իշխանություններն ամբողջ ուժով աջակցում են «Իսլամական պետության» (ահաբեկչական խմբավորում, որն արգելված է Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում – խմբ.) զինյալներին, իսկ թուրքական զորքը Սիրիայի Աֆրինում է։
«Հնչեց նաև այն գաղափարը, որ Թուրքիան գրավել էր նաև Ալեքսանդրետտայի սանջակը, և այդ հարցը մենք պիտի մոտ ապագայում կրկին արծարծենք», – հավելեց Արիսյանը։
Այս ամենից հետո, նրա խոսքով, անհնար է, որ Սիրիայի խորհրդարանը հետ կանգնի իր որոշումից` Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար։
«Սիրիան ուժեղ երկիր է, որը հետ չի կանգնի իր որոշումներից։ Չեմ կարծում, որ նման բան լինի», – ընդգծեց պատգամավորը։
Նա նշեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին լուրը լուրջ արձագանք է գտել նաև սիրիական մամուլում։ Տեղական ռադիոկայաններն ու կայքերը ողողվել են մեկնաբանություններով ու ռեպորտաժներով։
«Փետրվարի 12-ին նույնիսկ ուղիղ միացում եղավ խորհրդարանից, որտեղ մի քանի պատգամավորներ էին ելույթ ունենում, այդ թվում` նաև ես։ Սակայն հրապարակումները դեռ չեն ավարտվել, դրանք շարունակվում են նաև այսօր», – ընդգծեց Արիսյանը։
Նա ուրախությամբ նշեց, որ Սիրիայի ժողովրդին և իշխանություններին երախտագիտություն են հայտնում նաև Հայաստանում։ Հայաստանի իշխանություններն արդեն ողջունել են Դամասկոսի որոշումը, իսկ հայ երիտասարդները մտադիր են երթ կազմակերպել դեպի Սիրիայի դեսպանատուն։
Հիշեցնենք, որ Սիրիան Լիբանանից հետո արաբական երկրորդ երկիրն է, որ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։
Սենատորն արտասվել է Ցեղասպանության բանաձևի համար շնորհակալություն հայտնելիս. տեսանյութ